Գյումրի-Արմավիր ճանապարհի որոշ հատվածներ հիմնանորոգումից շատ չանցած արդեն քայքայվել են

Գյումրի-Արմավիր հանրապետական ճանապարհի որոշ հատվածներ հիմնանորոգումից շատ չանցած արդեն քայքայվել են։ Շինարարությունը, որի համար պետական բյուջեից 3.8 միլիարդ դրամ է հատկացվել, իրականացնում է «Եվրոասֆալտ» ընկերությունը, որը վերջին տարիներին մի քանի նման պետական խոշոր մրցույթ է շահել։

Այս ճանապարհով հիմնականում երթևեկում են հայ-թուրքական սահմանի գյուղերի բնակիչները, որոնք «Ազատության» հետ զրույցում դժգոհում էին աշխատանքի որակից: Որոշ վարորդներ էլ գոհ էին, որ գոնե նախկին հսկայական փոսերը չկան ու հիմա գոնե մեքենաները չեն ջարդում ճանապարհին։

Օրերս «Ազատության» տեսախցիկը Շիրակավանից Իսահակյան գյուղ տանող հատվածում ասֆալտի շերտի քանդված մի քանի հատվածներ էր արձանագրել։ «Ազատության» նկարահանումից ու մի քանի գերատեսչությունների պարզաբանումների համար դիմելուց 2 օր անց այդ հատվածներում փոսային նորոգումներ էին սկսվել։

Ինչո՞ւ է քայքայվում նոր կառուցվող ճանապարհը, հարցն ուղղեցինք շինարարությունն իրականացնող «Եվրոասֆալտ»-ի տեղամասի պատասխանատու Տիգրան Հովհաննիսյանին. վերջինս պնդեց, թե քայքայումը կապ չունի հիմնային թերի աշխատանքների հետ:

«Էս հատվածի մեկ կոնկրետ ջուր ա ճանապարհի ծածկի տակ մտել, որովհետև կողքի ջրահեռացման առուները հլը տեղադրված չեն, չենք հասցրել, տեղադրել», - պնդեց Հովհաննիսյանը:

Քանդված հատվածներում ասֆալտի շերտի տակից միանգամից հող է երևում։ Ինչո՞ւ է բացակայում բիտումի շերտը, որ սովորաբար ասֆալտի տակ են փռում։ Շինարարն ասում է՝ նոր տեխնոլոգիայով ու նախագծով բիտում նախատեսված չէ ու այլ շինանյութ է օգտագործվում. - «Նախատեսված է C-5 տեսակի նյութը, որի վրա բիտումի շերտ չի տեղադրվում»:

Բացառում է, որ սևահողն օգտագործվի որպես հիմք։ Ասաց՝ պատրաստ է ցանկացած հատված, որտեղ հիմնային աշխատանքների հետ կապված կասկած կա, քանդել ու ապացուցել:

«Ցանկացած հատված ես պատրաստ եմ քանդել ու ցանկացած սանտիմետր ցույց տալ, որ տենց բան բացառվում է», - ընդգծեց Հովհաննիսյանը:

«Եվրոասֆալտ»-ի ներկայացուցիչը, այդուհանդերձ, թերությունները չբացառեց, ասաց՝ ճանապարհի դեռ առաջին նախնական շերտն է տեղադրվում։ 5 կիլոմետրանոց հատվածը երկշերտ է լինելու, իսկ մնացած ճանապարհը՝ եռաշերտ։ Գյումրի-Արմավիր 100 կիլոմետրանոց ճանապարհի 51 կմ-ը Շիրակի մարզում է, մնացածն անցնում է Արագածոտնի ու Արմավիրի մարզերով։ Քանի որ ճանապարհը շահագործումից 3 տարի անց դեռ երաշխիքային սպասարկման տակ է լինելու ու շինարարը պարտավոր է իր միջոցներով դրանք վերացնել, Հովհաննիսյանը պնդում էր, թե անորակ աշխատանք անելը իրենց շահերից չի բխում։

Տեղում էր նաև շինարարության որակը վերահսկող «Հալդի Քոնսալթ» ընկերության ներկայացուցիչը։ Համլետ Սարգսյանը, ցույց տալով քայքայված հատվածից հեռացված ասֆալտի ու հիմքի շերտը, ևս պնդում էր, թե նախագծով սահմանված նյութերն են։ Իրենք ևս արձանագրել էին այդ հատվածի թերությունները և շինարարին հանձնարարել վերացնել դրանք։ Իսկ այլ հատվածներում թերություններ տեսե՞լ են։

«Կան, ավելի փոքր», - ասաց Սարգսյանը:

Երեք տարի առաջ ստեղծված «Եվրոսֆալտ»-ի տնօրենը մինչև այս տարվա ապրիլը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կրտսեր եղբայրն էր. Ըստ պետական գնումների կայքի տվյալների՝ այս ընկերությունը 2021 թվականից ի վեր միլիարդավոր դրամների արժողությամբ 17 պետական մրցույթ է շահել, որոնց գերակշիռ մասի պատվիրատուն տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունն է։

«Հետք»-ի ուսումնասիրության համաձայն՝ այս ընկերությունը վայելում է նաև տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանի հովանավորությունը, թեև պաշտոնյան հերքել էր դա։

Տեխնիկական վերահսկողը ևս կտրուկ հերքեց, թե հնարավոր է աչք են փակում «Եվրոասֆալտ»-ի թույլ տված թերությունների վրա. - «Ես համաձայն չեմ դրա հետ, որովհետև մենք երկու կողմից էլ աշխատում ենք, որ աշխատանքները կատարվեն որակով ու որակով հանձնվեն շահագործման»:

Ճանապարհների վատ որակը վերջերս նաև կառավարության նիստերում են քննարկում։ Վերջերս վարչապետը իր տեսած փոսերը նկարագրելով տարածքային կառավարման նախարարին հանձնարարել էր իրեն ներկայացնել թերացողների ցանկը և բարձրացնել ճանապարհների սպասարկման որակը։ Կառավարության վերջին նիստում կոնկրետ այս հանձնարարականին չանդրադարձան, միայն նշվեց, որ Փաշինյանն ու Գնել Սանոսյանն այս հարցով քննարկում են ունեցել։