Գյուղում անգործ չես մնա, ասում է Լոռու Մարց գյուղի բնակիչ Գայանե Քոչինյանն ու հանգամանալից պատմում՝ ինչպես է ուտելի բույսերից մեկը՝ ծնեբեկը, քիչ ծախսերով իրեն զգալի եկամուտ բերում։ Պնդում է՝ հողը ճիշտ կառավարելու դեպքում գյուղում էլ կարող ես լավ ապրել։ Պատրաստ է, անգամ, բարձրարժեք ծնեբեկ մշակելու գաղտնիքները բացել՝ անվճար։
«Իմ բույսն էդքան էլ պահանջկոտ չի հողի նկատմամբ, ինքը կարկուտից չի վախենում, որովհետև ինքը աճում ա հողի տակ, ջրի նկատմամբ խիստ պահանջկոտ չի: Ես ունեմ ֆերմերներ, որոնք ուզում են զբաղվեն էդ գործով, իմ մոտ գալիս են դասընթացների, անվճար դասավանդումներ եմ անում, կարան ազատ բոլորն էլ գան մասնակցեն», - ներկայացրեց Գայանե Քոչինյանը:
Հարևան Ահնիձոր գյուղի բնակիչ Լուսինե Պողոսյանն էլ ունեցած թռչնատեսակներն ավելացնելու ծրագրով էր Վանաձոր եկել։ Ասում է՝ առանց հավելումների, բնական ցորենով կերակրված հավի ձուն անսահմանափակ պահանջարկ ունի։ Սպառման դժվարություններ չի ունենում։ Ինկուբացիոն եղանակով հավի ճուտիկներ է ստանում ու վաճառում։ Փոքր դրամաշնորհի հաշվին էլ նախատեսում է ունեցած թռչնատեսակներն ավելացնել՝ հնդկահավից մինչև սիրամարգ։
«Մեր ձուն ծանր ա, քանի որ բնական է, տնական հավը չի կարող ամեն օր ձու ածի: Նա օրը մեջ պիտի ածի, իսկ պետականն անգամ օրը երկու անգամ ա ածում», - նշեց Լուսինե Պողոսյանը:
Բնության համաշխարհային հիմնադրամն ու «ՀԿ կենտրոն» կազմակերպությունն են նախաձեռնության հեղինակները։ Լոռու 7 գյուղերում բիզնես գաղափարներին հասնելու համար փոքր դրամաշնորհներ են տալիս։ Մոտ 11 միլիոն դրամ ստացան 7 գյուղերի 21 ընտանիքներ։
Ստացած գումարով սարերում ավելուկ կչորացնեն ու անտառի ուտելի բույսերը հատուկ ապրանքանիշով վաճառակետեր կհասցնեն, մշակած մրգերն ու հատապտուղները չրեր կդառնան, ջերմոց կհիմնեն, գյուղերում էկոտուրիզմ կզարգացնեն ու սարեր տանող ճամփաները կնորոգեն. Վանաձորում պատմեցին իրենց ծրագրերի մասին ու խոստացան՝ գյուղերը զարգացնելու են։
Երևանցի Գեղամ Օհանյանը բնապահպան է։ Մշտապես դեմ է եղել հանքարդյունաբերությանն ու պայքարել բնության համար։ Արդեն մի քանի տարի Երևանից Մարց է տեղափոխվել՝ բնակության։ Բիզնես է անում, տուրիզմ զարգացնում։
«Բնապահպանական հարցին զուգահեռ մեզ միշտ հարցադրումներ են արել՝ եթե չեք ուզում հանք բացվի, չեք ուզում անտառահատում լինի, ո՞նց զարգացնենք համայնքը, ես իմ աձնական օրինակով եկել եմ ցույց տալու, թե համայնքը ոնց կարելի է զարգացնել ու հիմա Մարց գյուղում հիմնել ենք «Խարույկավան» անունով քեմ, որը վերաճելու ա դառնա հյուրատնային ավան», - ներկայացրեց Օհանյանը:
Մարգահովիտցի Էմիլյա Մարտիրոսյանի ընտանիքը գյուղացու արտադրանքը կենտրոնացնելու և գնորդի հետ կապող մի կայան հիմնելու գաղափար ունի։ Ասում է՝ գյուղատնտեսական ապրանքի մեծածախ գնորդները մայրաքաղաքում են շուկա փնտրում, մինչդեռ չգիտեն, որ իրենց քթի տակ շատ ավելի որակյալը կարող են գտնել։
«Գյուղում ապրել հնարավոր է, կյանքը հենց գյուղում է: Իրականում ճիշտ գյուղատնտեսություն վարելու դեպքում շատ եկամուտ կարող են ստանալ, բայց քանի որ գյուղացին անմիջապես գնորդի հետ կապի դուրս գալու հնարավորություն չունի, դրա համար փչանում է գյուղմթերը կամ չի իրացվում, իրացվում է քիչ քանակությամբ ու արդյունքում գյուղացին ասում է՝ արտադրում են և չեմ կարողանում վաճառել», - նշեց նա:
Մարց գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սուսաննա Վարդանյանն էլ դպրոցի բակում մի բացօթյա դասարան հիմնելու համար փոքրիկ գումար ստացավ։ Ասում է՝ բնության մեջ ապրել ու ողջ օրը փակ դասասենյակներում լինել՝ անարդար է գյուղի երեխաների դեպքում. - «Կոճղերով աթոռներ, կոճղերով նստարան, բնությանը մոտիկ, ծիծեռնակների բների մոտ: Հենց դպրոցի բակում ծաղիկներ ունենք, գեղեցիկ ծառեռ, այդ ամեն ինչը ոնց որ երեխաներն իրենց զգան բնության գրկում և շատ առարկաներ կան, որ նույնիսկ մտածում եմ գրատխտակով դասեր անել այնտեղ, Այսինքն ունենանք շարժվող՝ անիվներով գրատախտակ, երեխաները կարողանան և գրատախտակից օգտվել»
Նախաձեռնության հեղինակ՝ «ՀԿ կենտրոն» կազմակերպության նախագահ Արփինե Հակոբյանն ասում է՝ ծրագիրն իրականացնելու համար մոտ մեկ տարի շրջել են Լոռիում և գյուղում ապրելու ու նոր բան ստեղծելու մեծ ցանկություն տեսել։
«Իրականում այս մրցույթի նպատակը հենց իրենց գաղափարը կայնքի կոչելը չէր, ինչքան մտածել տալն էր, թե ինչ կարելի է անել, բայց վստահ եմ, որ այն փոքրիկ գումարները, որ որպես մրցանակ ստանում են իրենք էնքան են ոգևորված իրենց գաղափարներով, որ պիտի վստահավար ներդնեն գաղափար կյանքի կոչելուն, այսինքն իսկապես այդ գումարը չեն ուզում 1-2 օր ապրելու համար, այլ՝ ինչ-որ գործ սկսելու համար», - ասաց Հակոբյանը:
Մարցի միջնակարգ դպրոցի տնօրենը վստահեցնում էր, թե տարիներ շարունակ դատարկված իրենց գյուղում վերջին տարիներին շարժ են նկատում, անգամ, գյուղից հեռացած ընտանիքներ են վերադառնում ու բիզնես հիմնում։