Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Ադրբեջանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի բնակիչներին Աղդամի ճանապարհից բացի առաջարկել են նաև Ֆիզուլի-Շուշի ճանապարհը։ Հաջիևի խոսքով՝ այդ առաջարկը Բաքուն մտադիր էր Ստեփանակերտի հետ քննարկել Եվլախում:
«Օգոստոսի 5-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԿԽՄԿ-ը մարդասիրական օգնությունը Խանքենդի {Ստեփանակերտ - խմբ.} կհասցնի այս {Ֆիզուլի-Շուշի - խմբ․} ճանապարհով։ Սրա շարունակությամբ մենք պայմանավորվել ենք, որ 24 ժամ հետո Ադրբեջանի սահմանային և մաքսային ռեժիմների, օրենքների պահպանմամբ կբացվի Լաչին-Խանքենդի ճանապարհը։ Որպես այս համաձայնագրի անբաժանելի մաս՝ նախատեսվում էր Եվլախ քաղաքում հանդիպում անցկացնել Ադրբեջանի ներկայացուցչի և Ղարաբաղում բնակվող հայերի ներկայացուցչի միջև, որտեղ մենք պատրաստ էինք քննարկել վերաինտեգրման բոլոր նախագծերը, ինչպես նաև սոցիալական ենթակառուցվածքները», - պատմել է Ադրբեջանի նախագահի օգնականը։
Հաջիևը, սակայն, չի հստակեցրել, թե ում հետ է ձեռք բերվել իր հիշատակած «պայմանավորվածությունը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը ցանկանում է, որ Աղդամի ճանապարհը դառնա Ղարաբաղի հայերի ինտեգրման մեկնարկային կետ․ Հաջիև