Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այսօր հեռախոսազրույց են ունեցել՝ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։
«Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանի արդիական թեմաների շուրջ», - հայտարարում է Ռուսաստանի արտգործնախարարությունը, հավելելով՝ հատուկ կարևորվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը շտապ թուլացնելու ուղղությամբ ավելի վաղ համաձայնեցված քայլերի, այդ թվում՝ մարդասիրական երթուղիների, ներառյալ՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունը»:
Ընդգծվել է, որ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կայունացման համար Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված բոլոր համաձայնությունների կատարումը այլընտրանք չունի։
«Նախարարները համաձայնել են, որ այդ ուղղությամբ կոնկրետ աշխատանքը քաղաքական-քարոզչական ակցիաներով փոխարինելու փորձերը հակարդյունավետ են», - նշել է Ռուսաստանի ԱԳՆ-ը։