Հայաստանի ու Ֆրանսիայի արտգործնախարարները հեռախոսազրույցին քննարկել են Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, հայտնում են ԱԳՆ-ից։
Արարատ Միրզոյանը Կատրին Կոլոննային է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ ընդգծելով, որ այն կարող է միջազգային հանրության աչքի առջև վերածվել իրական հումանիտար աղետի:
Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ մուտք ունեցող միակ միջազգային հումանիտար կազմակերպության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ Լաչինի միջանցքով լիարժեք և անխափան գործունեության ապահովման հրամայականը:
Նախարար Միրզոյանն անդրադարձել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ գումարելու նպատակով Հայաստանի կողմից ներկայացված դիմումին:
Ադրբեջանը չի կատարում մինչ օրս միջազգային գործընկերների, կառույցների կողմից բազում հասցեական ուղերձները և, արդեն 8 ամիս արգելափակված պահելով Լաչինի միջանցքը, խախտում է ոչ միայն 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլ նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները, շեշտել է նախարարը։
Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի շարունակական խորացումը կարող է վտանգի տակ դնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը՝ ընդգծելով առկա մեխանիզմներն արդյունավետորն օգտագործելու և Լաչինի միջանցքի արգելափակման վերացման ուղղությամբ հստակ քայլերի անհրաժեշտությունը:
Ֆրանսիական կողմի փոխանցմամբ՝ Կատրին Կոլոննան ասել է, որ Ադրբեջանի գործողությունները հակասում են պարտավորություններին, որոնք ստանձնել է կրակի դադարեցման համաձայնագրին համապատասխան, և վնաս են հասցնում բանակցային գործընթացին։ Նա նշել է, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով։
Կոլոննան հավաստիացել է Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Նա նաև հայտնել է, որ Ֆրանսիան մտադիր է 3 միլիոն եվրո լրացուցիչ հատկացում կատարել տարածաշրջանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեությանը։