Թուրքիայի արտգործնախարարությունը Հայաստանին կոչ է անում «աջակցել» Աղդամի ճանապարհի օգտագործմանը, «ձեռնպահ մնալ սադրիչ քայլերից», ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև «աջակցել Ադրբեջանի ջանքերին՝ հայ բնակչության ինտեգրման հարցով»։
Այսօր տարածած հայտարարությամբ պաշտոնական Անկարան, նշելով, որ ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի շուրջ քննարկումներին, ընդգծում է՝ «հասկանում է այդ հարցով Ադրբեջանի օրինական մտահոգությունները»։
«Թուրքիան կարծում է, որ Լաչինի ճանապարհի հարցում Ադրբեջանին քննադատելու հիմք չկա»,- հայտարարոմ է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Պաշտոնական Ստեփանակերտն ավելի վաղ հայտարարել է, որ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը չվերականգնելու ու փոխարենը Աղդամով հումանիտար օգնություն տրամադրելու Բաքվի առաջարկի նպատակը նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերանայելու փորձ է։ Ըստ Արցախի՝ Ադրբեջանի կողմից համառորեն առաջարկվող այս մոտեցումը խախտում է Արցախի ժողովրդի իրավունքներն ու նվաստացնում արժանապատվությունը, հակասում միջազգային հումանիտար իրավունքին։