Վարչապետն առաջարկեց վերացնել անպտղության հաղթահարման ծրագրի շահառուների տարիքային սահմանափակումը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության այսօրվա նիստում լրացուցիչ 500 մլն դրամ խնդրեց, որ 2019-ից գործող անպտղության հաղթահարման ծրագիրը շարունակվի։ Արհեստական սերմնավորման, բեղմնավորման, փոխնակ մոր ծառայությունների շնորհիվ 2023-ին սպասարկվել ու բուժման տարբեր փուլերում է գտնվում 2876 շահառու, 301 կին արդեն հղի է, 57 երեխա ծնվել է, ընդ որում, 9-ը՝ պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներում։

«Արդեն իսկ ակնհայտ է, որ յոթ ամիսների ընթացքում մենք գրեթե կրկնակի հղիություններ ունենք, որքան որ 22 թվականի ողջ ընթացքում։ Աշխատանքներ ենք տանում նաև ծրագրի հասանելիությունը մեծացնելու մասով, և առաջիկայում նաև մեր մարզային քաղաքներում կբացվեն առաջին փուլը գործարկող կենտրոններ, կսկսենք Գյումրիից, այնուհետև Վանաձորում և Գորիսում ևս կունենանք այս ծրագրի իրագործման հնարավորություն», - նշեց նախարարը։

Անպտղության խնդրի առաջ կանգնած մի խումբ կանայք դժգոհում էին, որ օրինակ՝ այդ ծրագիրը գործում է Երևանի 6 բուժկենտրոններում, ու պարբերաբար տեղեկություն են ստանում, որ դրանցից մեկում գումարն ավարտվել է։ Նախարարությունից թեև պնդեցին, որ ծրագիրը չի ավարտվել, հերթագրումներ են, բայց միևնույն ժամանակ նշեցին՝ կշարունակվի, եթե կառավարությունը ևս 500 մլն դրամ հատկացնի։

Պետությունը հնարավորություն է տալիս նաև 36-42 տարեկան, զուգընկեր չունեցող կանանց ևս երեխա ունենալ. կարող են վեց անգամ օգտվել սերմնավորման ծրագրից։ Այսօրվա նիստում վարչապետ Փաշինյանն առողջապահության նախարարից հետաքրքրվեց՝ իսկ ինչո՞ւ 36 տարեկանից սկսած ու առաջարկեց հանել այդ տարիքային շեմը։

«18 տարեկան չափահաս մարդն ինքն իրավունք ունի որոշումներ կայացնելու, ինչո՞ւ ենք 32-ում, ո՞նց ենք որոշել 32», - հարցրեց նա։

«Կարող ենք դիտարկել», - ասաց նախարարը։

«Ոչ թե կարող ենք, այլ պետք է դիտարկենք, դա է ծրագրի նպատակը։ Եթե որևէ մեկը նման որոշում կկայացնի, մենք այդ որոշումը, բնականաբար, ողջունում ենք, հակառակ դեպքում այդ ծրագիրը չենք ստեղծի։ Պետք է այդ տարիքային շեմն ընդհանրապես վերացնել։ Մեր երկրի բնակչության մեծամասնությունը կանայք են, և սա էլ է հանգամանք, որ պետք է մենք հաշվի առնենք քաղաքականություններ մշակելիս», - շարունակեց Նիկոլ Փաշինյանը։

Չնայած նախարարը փորձեց մի քանի անգամ բացատրել, որ տարիքային շեմը որոշել են մասնագետները՝ համարելով, որ դա ավելի արդյունավետ է, վերջում, սակայն, վարչապետի հակադարձումներից հետո խոստացավ այդ նույն մասնագետների հետ քննարկել ու տարիքային շեմն իջեցնել։

35 տարեկան Լիլիթ Խաչատուրյանը 11 տարեկան երեխա ունի ու չի կարողանում երկրորդ անգամ մայրանալ։ Ասում է՝ իր ու ամուսնու ընդհանուր աշխատավարձը 100 հազար դրամի էլ չի հասնում, 11 տարիների ընթացքում մի քանի միլիոն դրամի հետազոտություն ու բուժում են անցել։

«Կես տարի առաջ եմ զանգել Առողջապահության նախարարության թեժ գիծ, այնտեղ խոսել եմ երկու անգամ, ինձ ասել են, որ չէ, քեզ չի հասնում, որովհետև նախ ունեմ մեկ բալիկ, երկրորդն էլ՝ սահմանամերձ գոտում չեմ բնակվում, ու պետք է ունենալ սահմանամերձ գոտու գրանցում։ Իսկ «Աստղիկ» բժշկական կենտրոն մեկ ամիս առաջ եմ դիմել, ասացին՝ ոչ, քեզ չի հասնում», - պատմեց նա։

Լիլիթն էլ վարչապետին է դիմում՝ ինքն էլ է ուզում երեխա ունենալ, հետո ի՞նչ, որ սահմանամերձ գոտում չի ապրում, գուցե կառավարությունն իրեն էլ ընդառաջի՞. - «Ես հիմա 35-36 լրանալուց հետո չեմ կարծում, որ արդեն պետք է ամեն ինչ սահմանափակվի ու վերջ դրանով, որովհետև եթե կինը ցանկանում է մայրանալ, պետք է աջակցեն և բժշկությունը, և կառավարությունը անկախ տարիքային սահմանափակումից»։

Կառավարության առաջարկած երեք ծրագրերն էլ պայմաններ ունեն՝ ոչ բոլոր կանայք կարող են դրանցից օգտվել. օրինակ, Լիլիթ Խաչատուրյանի պարագայում խոչընդոտ է այն, որ արդեն մեկ երեխա ունի։ Երկրորդ երեխա ունենալու համար ծրագրից կարող են օգտվել միայն սահմանամերձ գոտում ապրող կանայք։ Հայաստանում ծնելիության ցուցանիշները մտահոգիչ են։ ՄԱԿ-ի կանխատեսմամբ՝ եթե ներկա միտումները պահպանվեն, Հայաստանի բնակչությունը 2050 թվականին ներկայիս 2.9 միլիոնի փոխարեն կդառնա 2,6 միլիոն։