ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։
Օսմանին մտահոգություն է հայտնել Լաչինի իրավիճակի և քաղաքացիական բնակչության վրա դրա հետևանքների կապակցությամբ, մասնավորապես խոցելի խմբերի, այդ թվում՝ կանանց ու երեխաների վրա։
Ընդգծելով, որ ուշադիր հետևում է իրավիճակին, նա կառուցողական ու արդյունավետ երկխոսության կոչ է արել՝ այն նշելով որպես կայուն լուծումների ճանապարհ՝ ի շահ հակամարտությունից տուծած բնակչության։
Օսմանին ընդգծել է, որ պետք է գերակայեն մարդասիրական նկատառումները ու մարդկանց անմիջական կարիքները։
Նա պատրաստակամություն է հայտնել օժանդակելու երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը և վստահության կառուցմանը։
ԵԱՀԿ պաշտոնական կայքում տեղադրված այս հաղորդագրությունում Լեռնային Ղարաբաղ անվանումը հիշատակված չէ։
Հայկական կողմի հաղորդագրության համաձայն՝ նախարար Միրզոյանը նրան ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Արցախում խորացող հումանիտար ճգնաժամի մանրամասները: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, խոչընդոտվում է ԼՂ մուտք ունեցող միջազգային մարդասիրական կազմակերպության՝ ԿԽՄԿ հումանիտար գործունեությունը, ինչի մասին ԿԽՄԿ-ն հայտարարեց հուլիսի 25-ին:
«Երկուստեք ընդգծվել է տեղում մարդկանց համար հումանիտար իրավիճակի հանգուցալուծման հրատապությունը և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ համատեղ քայլերի անհրաժեշտությունը: Նախարար Միրզոյանը, կարևորելով մինչս օրս միջազգային գործընկերների կողմից արված՝ Ադրբեջանին ուղղված թիրախային հայտարարությունները՝ ընդգծել է այդ ուղղությամբ հետևողականության և ջանքերի համադրման անհրաժեշտությունը», - նշում է ԱԳՆ-ն: