Ռուսաստանում՝ Սերգիև Պոսադ ավանում Զագորսկի օպտիկական և մեխանիկական գործարանի տարածքում հուժկու պայթյուն է որոտացել:
Ըստ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայության, պայթել է պիրոտեխնիկայով պահեստը: Դրա հետևանքով տարածքում հրդեհ է բռնկվել:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը նշում է, որ «պայթյունի պատճառը մարդկային գործոնն է դարձել»:
Զագորսկի օպտիկական և մեխանիկական գործարան ԲԲԸ-ն ժամանակակից նորարարական ձեռնարկություն է, իրավապահ մարմինների, արդյունաբերության և առողջապահության ոլորտների համար արտադրում է օպտիկական և օպտիկաէլեկտրոնային սարքեր:
1935 թվականից գործարանն արտադրում է դիտարկման սարքավորումներ, բժշկական ակնաբուժական սարքավորումներ, լաբորատոր գործիքներ, իսկ վերջին շրջանում սկսել է արտադրել նաև դոզաչափական և անվտանգության սարքավորումներ։
Բացի այդ, գործարանն արտադրում է ռուսական բանակի հրասայլերի գիշերային նշանառման սարքեր:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է պայթյունի հետևանքով 25 տուժածների մասին, նրանցից երկուսը հոսպիտալացվել են։
Մինչդեռ, Մոսկվայի մարզի նահանգապետը հայտարարել է 31 տուժածների, իսկ Սերգիև Պոսադի քաղաքապետը՝ մոտ 40 տուժածների մասին: Չի բացառվում, որ փլատակներում մարդիկ են մնացել: Տուժածներից հինգը գտնվում են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Ավելի ուշ հաղորդվել է, որ տուժածներից մեկը մահացել է:
Սկսվել է գործարանի աշխատակիցների և հարևանությամբ գտնվող շենքերի բնակիչների տարհանում: