Ռուս-վրացական պատերազմի 15-րդ տարելիցին Մոսկվան սահմանը գծելու կոչ է անում

Ռուս-վրացական կարճատև պատերազմի 15-րդ տարելիցի կապակցությամբ Մոսկվան հայտարարել է, որ Անդրկովկասում անվտանգության և կայունության հարցերով Ժնևան միջազգային երկխոսությունում վրացական կողմից ավելի կառուցողական մոտեցում է ակնկալում, հավելով, թե այդ ուղղությամբ առաջընթացը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից։

Ռուսաստանը համոզված է, որ Անդրկովկասում կայուն անվտանգության ապահովումը հնարավոր է միայն մի կողմից Վրաստանի, մյուս կողմից Աբխազիայի և Հարավային Օսիյաի միջև ուժի կիրառումը բացառելու մասին իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնագրի ստորագրմամբ, ինչպես նաև նրանց միջև պետական սահմանի սահմանազատմամբ, նշված է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում։

Արևմուտքին մեղադրելով Ժնևան երկխոսությունը խարխլելու փորձերի մեջ՝ Զախարովան նշել է, որ 2008-ին ստեղծված այդ ձևաչափը միակն է որը հնարավորություն է տալիս ուղիղ երկխոսություն վարել Վրաստանի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի միջև՝ «առանց որի Թբիլիսի-Սուխումի-Ցխինվալի եռանկյունում հարաբերությունների կարգավորում հնարավոր չէ»։

Ռուս-վրացական 2008 թվականի կարճատև պատերազմից հետո Մոսկվան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Վրաստանը և միջազգային հանրությունը դատապարտել են Մոսկվայի որոշումը և Աբխազիան ու Հարավային Օսիան համարում են Վրաստանի անբաժանելի մասերը։