Ի՞նչ է կատարվել «Ակվատեկում». հաշմանդամություն ունեցող երեխայի տատի ու համալիրի պնդումները տարբեր են

Հաշմանդամություն ունեցող երեխայի տատը՝ Հասմիկ Սողոմոնյանը պնդում է՝ Վանաձորից Երևան հասած իր թոռանն ու հաշմանդամություն ունեցող ևս 8 երեխաների «Ակվատեկ» («Aquatek») փակ լողավազանի աշխատակիցն ասել է՝ կխանգարեն մյուսների հանգիստը։ «Aquatek Sport Complex»-ից հերքերցին՝ այդպիսի նախադասություն ոչ ոք չի ասել։

«Արմեն անունով ուղեկցողին առաջարկվել է նույն համալիրի կազմում գտնվող «Ջրաշխարհ» տանել երեխաներին, որտեղ պայմաններն ավելի հարմարեցված են հաշմանդամություն ունեցող երեխաների համար»,- ասաց տնօրեն Աշխեն Մաթևոսյանը։

Նրա խոսքով՝ իրենց աշխատակիցներից Վահագն անունով կառավարիչն է խոսել նրա հետ. - «Չի արվել այդպիսի արտահայտություն, ընդհակառակը՝ շատ մեղմ ձևով բացատրվել է Արմենին, որ շատ հնարավոր է, որ անհարմարավետություն ստեղծվի հաշմանդամ երեխաների համար մարդաշատ վայրում։ Ընդամենը դա։ Արմենն ինքնուրույն կայացրել է որոշում, որ «Ակվատեկում» չի հանգստանալու այդ խումբը»։

Հասմիկ Սողոմոնյանի երեկվա ֆեյսբուքյան գրառումը լայն տարածում գտավ սոցիալական ցանցում։ Հազարավոր օգտատերեր ամոթանքի խոսքեր էին ուղղել և՛ «Ջրաշխարհին», և՛ «Ակվատեկին»։ Վանաձորցի Հասմիկ Սողոմոնյանն «Ազատությանն» ասաց՝ սկզբից շփոթել, «Ջրաշխարհի» անունն է նշել, բայց խնդիրն «Ակվատեկում» է եղել։

«Ակվատեկի» տնօրեն ներկայացած անձնավորությունն ասել է՝ երեխաները շատ են, կրկնակին էլ պետք է գան, այդտեղ տեղ չի լինի ձեր երեխաների համար, ձեր երեխեքին հարմար չի։ Արմենն էլ միթոմ թե ասել է՝ համաձայն եմ, դուրս է եկել, բայց Արմենը դուրս է եկել այդտեղից ու մամաներին ասել, որ մենք կխանգարենք ներսի երեխեքին, ներսի երեխեքը՝ մեզ։ Արմենին տենց են ասել, Արմենն էլ տենց է ներկայացրել մամաներին։ Ուղղակի երիտասարդն ամեն ինչ անում է լրիվ կամավոր սկզբունքով, իր շաբաթվա մի օրը տրամադրում է էդ երեխեքին», - ասաց Սողոմոնյանը։

Երեխաներին դեպի լողավազան ուղեկցած Արմեն անունով կամավորի հետ «Ազատությանը» չհաջողվեց կապ հաստատել, Հասմիկ Սողոմոնյանի պնդմամբ՝ նա էլ է տհաճ իրավիճակում հայտնվել, չի ցանկանում խոսել։ Համալիրի տնօրեն Աշխեն Մաթևոսյանը պնդում է՝ իրենց աշխատակիցը կամավորական Արմենին առաջարկել է երեխաներին տանել ջրային համալիրի մյուս՝ բացօթյա լողավազան՝ «Ջրաշխարհ», որի մուտքում կան թեքահարթակներ, լողավազանի խորությունն աստիճանաբար է իջնում, նա համաձայնել է, բայց գնացել ու չի վերադարձել, ասաց։

«Aquatek Sport Complex»-ի պատասխանատու Վահագն Պետրոսյանն է շարունակում. - «Ասացի՝ այստեղ խորությունը հաշվի առնելով, նաև այն, որ այսքան մարդկային կուտակում է, կարծում եմ, որ օրինակ՝ եթե գրկած ներս մտցնեն, կարող է ձեզ անհարմարություններ պատճառեն, որովհետև երեխաներ են խաղում, խփում իրար, բրդում և այլն։ Հետո, ասացի, մի հատ ուրիշ հարց տամ՝ այն երեխաները, ովքեր հենաշարժողական խնդիր չունեն, իրենք ո՞նց են մտնելու, այդ խորության մեջ խնդիր չի՞ լինի, մանավանդ որ իմացանք, որ իրենք ցնցումներ են ունենում և այլն։ Ասացի՝ ո՞նց եք կարծում՝ հարմար կլինի՞ այս երեխաներին հարմար կլինի այստեղ, որ այսքան մարդկային կուտակումների մեջ մտնեն։ Ինքը ոչ մի ձայն չհանեց, ասաց՝ համաձայն եմ, ճիշտ եք ասում»։

Համալիրի տնօրենը պնդում է՝ իրենք սպասել են, որ խումբը վերադառնա, մեքենայի համար տարածք են առանձնացրել, բայց նրանք գնացել ու չեն վերադարձել, հետո առավոտյան երեխաներից մեկի տատիկի գրառումն են Ֆեյսբուքում տեսել։ Ասաց՝ եթե նախապես տեղյակ լինեին երեխաների այցի մասին, հատուկ պատրաստված կընդունեին, լրացուցիչ փրկարարների ներկայությունը կապահովեին։ Փորձն ունենք, պնդեց նա։

Տիկին Հասմիկը, որ այսօր վաղ առավոտյան ջրային համալիր էր եկել, ավելի ուշ «Ազատությանն» ասաց՝ երեխաների այցի մասին նախապես տեղեկացրել են, փրկարարների կարիք չի եղել, պարզապես նրանց ընդունելու տրամադրվածություն չի եղել։

«Ես շարունակում եմ պնդել իմ ասածը, ուզում եմ, որ իմ երկրում ոչ մի հաշմանդամություն ունեցող երեխայի մայր չբախվի նման խնդրի։ Երեխաները եկել էին իրենց կամեռներով, թևերին հագնող սարքերով, ուղղակի որ ունենային գլխարկ, քսուկներ հատուկ արևի համար, կարող է և «Ջրաշխարհ» մտնեին, չնայած այդ ժամին ոչ մի մամա չէր համաձայնվի «Ջրաշխարհ» մտնել բաց արևի տակ այդ երեխաների հետ։ Ընդամենը երեք սայլակ էր, այդ երեք սայլակը ծնողն ինքը կարող էր դիմացի ակները բարձրացնել վերև, իջեցնի աստիճանները, ոնց որ սովորական մանկական սայլակներով ենք իջնում, բարձրանում», - պնդեց նա։

Ըստ Հասմիկ Սողոմոնյանի՝ այդ պատասխաններից հետո ուղեկցողները երեխաներին սննդի կետ են տարել, սնվելուց հետո, երբ արդեն արևի կիզիչ ճառագայթները մեղմվել են, բացօթյա այլ լողավազան են տարել երեխաներին։

«Այդ ժամին «Ջրաշխարհի» բաց լողավազանը երեխաների համար կարող էր վտանգավոր լինել»,- ասաց տիկին Հասմիկը։

Այս միջադեպն, ի դեպ, ուսումնասիրում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Մինչև ուսումնասիրությունը կավարտվի, ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը, որ տարիներ շարունակ զբաղվել է հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությամբ, ասաց՝ եթե դպրոցներում ներառական կրթությունը տրամադրություն է փոխել, եթե հասարակությունն արդեն այսքան պահանջատեր ու իրազեկ է, ապա սպասարկման ոլորտում դեռ պահպանվում է խտրական վերաբերմունքը։ Ինքն էլ անվասայլակով է տեղաշարժվում և խնդիրները խորքից գիտի։

«Մարդուն պարզապես աչքերի մեջ նայելով կարող են ասել, որ մեզ հարմար չէ կամ կարող են խանգարել, որովհետև հաշմանդամություն ունեցող երեխաներ են, նշել պատճառը, այսինքն՝ ուղղակի ասել, որ ձեր հաշմանդամության պատճառով մենք չենք կարող այս կամ այն ծառայությունները մատուցել ձեզ, կամ դա կարող է լինել անուղղակի խտրականություն, որը շատ ավելի հաճախ ենք հանդիպում, այսինքն՝ այլ պատճառներով մարդուն մերժում են այս կամ այն ծառայությունները մատուցել կամ նրա իրավունքներն իրացնելը», - ասաց իշխանական պատգամավորը։

Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքն օրենքով է արգելվում։ 2021-ին այդ օրենքը մշակած սոցապ նախկին նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով՝ մեխանիզմներ չկան, որ օրենքը կիրառվի, ու խտրական վերաբերմունքի ենթարկված մարդը պաշտպանված լինի։ Ասաց՝ նոր նախագիծ են ներկայացրել, որը կշրջանառվի արդեն մյուս տարվանից. տնտեսվարողները պարտավոր կլինեն ապահովել տարածքը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, վերահսկողական լծակներ կգործեն, նաև խտրական վերաբերմունքի արժանացած մարդը ստիպված չի լինի դատարանում ապացուցել, որ ինքը չի ստում, ապացուցման պարտականությունը կընկնի մյուս կողմի վրա, ինչպես արտերկրում է։

Մինչև նախագիծն օրենք դառնա, տիկի Հասմիկը պնդում է՝ 13 տարի է՝ պայքարում է, որ իր թոռանը խեթ աչքով չնայեն, որ խտրական վերաբերմունքը պարսավելի լինի։