Հարևանի սուվերենությանն ուղղված անթաքույց սպառնալիք. ԱԳՆ խոսնակը՝ ադրբեջանական ՀԸ մասին

Ադրբեջանը պետական քարոզչությամբ Հայաստանի սուվերենությանն ուղղված անթաքույց սպառնալիք է դրսևորում, Թվիթերում գրել է Արտգործնախարարության խոսնակը։ Անի Բադալյանն օրինակներ է ներկայացրել։

«Ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը հենց նոր հեռարձակեց 35 րոպեանոց «ֆիլմ», որը մի խոսքով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ամբողջ ինքնիշխան տարածքը որպես ադրբեջանական տարածք։ Հայաստանը «անհետանում» է քարտեզից. սա ոչ այլ ինչ է, քան բացահայտ քարոզչություն և հարևանի սուվերենությանն ուղղված անթաքույց սպառնալիք», - նշել է նա:

Մեկ էլ հաղորդման մեջ էլ Հայաստանի շրջանները, մայրաքաղաք Երևանն ու Սևանա լիճը երևում են ադրբեջանական տեղանուններով: Ըստ ԱԳՆ խոսնակի՝ սա առաջին դեպքը չէ:

«Կեղծ մատնանշումներով Ադրբեջանը մշտապես իր հանրությանը հակահայկական տրամադրություններով է սնում», - նշել է նա՝ շեշտելով, որ որպես տարածաշրջանի համար դատապարտելի և անընդունելի վարքագիծ այն պետք է վճռականորեն մերժվի բոլորի կողմից։