Քանաքեռի թիվ 34 մանկապարտեզը տարիներ շարունակ գործում է «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի առաջին հարկում։ Թեև երկու կառույցներն առանձնացված են պարսպով, բայց տարածքի բնակիչ Ռոզա Արտեմյանը պնդում է՝ սա խնդիրը չի լուծում. երեխաները ամեն օր տեսնում ու լսում են հոգեկան առողջության կենտրոնի բնակիչներին։
«Ձեներից, բանից վախենում են էրեխեքը, գալիս են տուն, նույն ձայներն են հանում», - ասաց Արտեմյանը:
Հինգ երեխաների մայր Մարինե Սարիբեկյանը անհանգստացած է։ Ասում է՝ իր երեխան տուժել է, քանի որ խնամքի կենտրոնի և բնակելի շենքերի միջև բավարար հեռավորություն չկա։
«Մեծ տղաս հուզական զգայուն ա շատ, ու մենք բազմիցս դիմել ենք հոգեբանի, անգամ գիշերները ինքը չի կարողանում քնի, բոլոր հետազոտություններն արել ենք, բալիկս խնդիր չունի, ուղղակի միջավայրի խնդիրն ա», - պատմեց Մարինե Սարիբեկյանը:
Տարածքի բնակիչներից ու մանկապարտեզի սաների ծնողներից ստացած բողոքներից հետո վերջերս «Ձորակ» կենտրոն ու մանկապարտեզ էին այցելել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները ու մի շարք խախտումներ արձանագրել երկուսում էլ։ Այցից հետո հրապարակված զեկույցում պաշտպանի գրասենյակը եզրակացրել էր, որ մանկապարտեզի ու հոգեկան առողջության կենտրոնի՝ իրար այդքան մոտ գտնվելը չի բխում երեխաների լավագույն շահերից, և այս պայմաններում երեխաների կրթությունն ու խնամքը կազմակերպելը ուղղակի և անուղղակի կերպով ազդում է նրանց վարքի ու հուզական վիճակի վրա։
Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնն ու մանկապարտեզը տեղակայվել են նույն շենքում։ Մանկապարտեզն այստեղ գործում է արդեն 34 տարի, մյուս հարկերում ժամանակին գիշերօթիկ դպրոց է եղել, որի փակումից հետո շենքում 2015 թվականից սկսել է գործել «Ձորակ» կենտրոնը։ Ընդ որում՝ տարածքը պատկանում է ոչ թե մանկապարտեզին, այլ «Ձորակ»-ին, որն այսպես ասած՝ փակված գիշերօթիկի իրավահաջորդն է։
Ե՛վ մանկապարտեզի, և՛ Ձորակի տնօրենները այնքան էլ համաձայն չեն պաշտպանի գրասենյակի գնահատականների հետ։ Թեև ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչ Լաուրա Գասպարյանն ասում է՝ այցի ընթացքում երեխաներն իրենք են պատմել իրենց վախերի մասին, մանկապարտեզի տնօրեն Սուսաննա Մկրտչյանը հակադարձում է՝ աշխատել են իրենց սաների հետ:
«Երեխաները նույնիսկ արդեն չեն էլ նկատում իրենց, երևի ավելի շատ ծնողները կնեղվեն քան երեխաները», - ասաց Մկրտչյանը:
«Ձորակ»-ի տնօրենի պաշտոնակատար Արաքս Վարդանյանն, իր հերթին, ընդգծում է՝ ՄԻՊ-ի այցից հետո հսկողությունն էլ ավելի են խստացրել, բայց իրենց շահառուների իրավունքն է՝ ազատ տեղաշարժվել իրենց համար հատկացված տարածքում։
«Մանկապարտեզի տարածքը պատկանում է «Ձորակ» հոգեկան առողջական խնդիրներ ունեցող անձանց ՊՈԱԿ-ին, նույնիսկ փաստաթղթային մասով, վկայականը մեր անունով է, ուղղակի հասկացել ենք, որ Կորեայի երեխաները տեղ չունեին մանկապարտեզի համար, տրամադրել ենք այդ տարածքը», - ներկայացրեց Վարդանյանը:
Այս խնդրին ծանոթ իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն ընդգծում է՝ անհրաժեշտ է հաշվի առնել երկու կողմերի իրավունքները, քանի որ այս իրավիճակում կարող են տուժել և՛ երեխաները, և՛ հոգեկան առողջության կենտրոնի շահառուները:
«Հնարավոր է, որ առողջական խնդիրներ ունեցող անձանց համար անընդունելի լինի, և՛ տհաճություն պատճառի, և՛ իրենց բուժմանը հակասի, և՛ կա երեխաների խնդիր, որ երեխաները լինեն էնպիսի տարածքում, որ կարողանան աղմկել, խաղալ, հանգիստ լինել, ապահով տարածքում լինել», - նշեց Հովհաննիսյանը:
Քաղաքապետարանից «Ազատությանը» փոխանցեցին, որ իրենց ենթակայության տակ գտնվող մանկապարտեզը հնարավոր կլինի 1-2 տարում տեղափոխել, եթե մոտակայքում որևէ ազատ տարածք գտնվի: Հստակություն, սակայն, տեղափոխման հարցում չկա։
Պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը հիշեցնում է՝ այս խնդրի մասին բարձրաձայնել են նախկին ու ներկա օմբուդսմենները դեռ 2015 թվականից, զեկույցներ են կազմել, քննարկումներ արել, բայց պետական մարմինները խնդիրն այդպես էլ չեն լուծել։