Օրերս Վրաստանը առաջին անգամ միացել է Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին ու արգելել Ռուսաստան և Բելառուս թանկարժեք, նոր արտադրության ու հզոր շարժիչ ունեցող ավտոմեքենաների, էլեկտրամոբիլների ու հիբրիդ մեքենաների արտահանումը և վերարտահանումը։ Վրացական իշխանությունները տեղեկացրել են, որ արգելում են նաև ամերիկյան ու եվրոպական ավտոմեքենաների վերարատահանումը Հայաստանից Ռուսասատան Ռազմավիրական ճանապարհով ու Վերին Լարսի անցակետով, բացառությամբ այն դեպքերի, երբ ավտոմեքենան պատկանում է Հայաստանի քաղաքացուն, ու հիմք չկա ենթադրելու, որ նա ավտոդիլեր է։
Այս օրերին հենց ռուս-վրացական սահմանային անցակետից ռուս ավտոներկրողներն են ահազանգում, որ նոր ու հզոր շարժիչով ԲՄՎ ու «Մերսեդես» մեքենաների արտահանում Ռուսասատան Վրաստանն արգելում է։
Հայաստանյան ավտոներկրողներն ու արտահանողները, որոնք հիմա ռուսական շուկայի համար ներկրված ու դեռ ճանապարհին գտնվող մեծ խմբաքանակներ ունեն, անակնկալի են եկել Թբիլիսիի այս որոշումից։ Կարծում են՝ դա իրենց համար խնդիրներ կստեղծի. - «Ամերիկյան շուկայից ներկրում ենք աճուրդից և վաճառում ենք։ Հիմա դա արդեն մեզ համար խնդիր դարձավ, որովհետև եկող ավտոներ կան, ու գալու են, կուտակվեն։ Այստեղի շուկան, ինձ չի թվում, որ կարող է այդքան սպառել։ Բարձր մատոռներով մեքենաներ են հիմնականում տանում, ու հիմնականում այդ շուկայի համար ենք ներմուծել, ու խնդրի առաջ ենք կանգնել, որ չեն թողնում դուրս գնալ։ Դա վնասով է մեզ վրա անդրադառնում», - ասում են նրանք՝ հավելելով, որ եթե իմանային այս որոշման մասին, «մեծ մասշտաբով չէին բերի»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը՝ սանկցիաների մասին. Պաշտոնական մակարդակում չունենք ոչ մի պահանջ ԵՄ և ԱՄՆ գործընկերներից, ՌԴ-իցՊատերազմից մեկնարկից հետո, երբ պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանում փակվեցին արևմտյան ավտոսրահները, կտրուկ աճեցին Հայաստանից դեպի Ռուսաստան մեքենաների արտահանման ծավալները։ Ըստ հեղինակավոր Financial Times-ի՝ ընդամենը մեկ տարում Հայաստանից Ռուսաստան ավտոմեքենաների արտահանման ծավալները աճել են ավելի քան 200 անգամ։
Պաշտոնական տվյալները ևս խոսուն են։ ՊԵԿ-ից «Ազատությանը» հայտնել են, որ անցած տարի Հայաստանում 46 հազար 300 ավտոմեքենա է մասազերծվել, իսկ այս տարվա առաջին վեց ամսում՝ արդեն ավելի քան 52 հազար։ ՊԵԿ-ը, սակայն, չի հայտնում, թե Հայաստանում մաքսազերծված քանի մեքենա է վերարտահանվել և որ երկիր է գնացել։ Հայաստանի տարածքով Ռուսաստան հիմնականում ոչ թե նոր արտադրված, այլ օգտագործված, վնասված մեքենաներ են արտահանվում։ Դրանք հիմնական նախ վրացական Փոթիից տեղափոխվում են Ռուսաստանի հետ նույն մաքսային միության անդամ Հայաստան, այստեղ մաքսազերծվում, ապա կրկին Վրաստանի տարածքով արտահանվում Ռուսաստան առանց կրկնակի մաքսազերծման։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ մասնագետների, հայաստանյան ընկերությունների բիզնես հաջողությունների գաղտնիքը դեպի Ռուսաստան վերաարտահանումն էԳյումրիի մաքսատանը «Ազատության» հետ զրուցած Ալբերտ Պետրոսյանը կարծում է, որ Վրաստանի արգելքը լրջորեն կազդի Հայաստան ավտոմեքենաների ներմուծման ծավալների վրա, որի հետևանքով կտուժեն այս բիզնեսով զբաղվող հազարավոր մարդիկ, քանի որ տեղական շուկայում այդքան պահանջարկ չկա։
«Կկուտակվեն այստեղ մեքենաները, չենք կարողանա ոչինչ անել այդ մեքենաների հետ։ Մարդիկ դրանք բերում են, որ վաճառեն, որ իրենց հացի գումարը վաստակեն։ Եթե չթողնենք արտահանեն, լիքը մարդիկ տուժում են, բոլոր նրանք, ովքեր կապ ունեն դրա հետ», - ասաց նա։
Ռուսաստանին պատժամիջոցները շրջանցելու հարցում չօգնելու Արևմուտքի պարբերական զգուշացումներից հետո արդյոք Հայաստանը ևս կհետևի հարևան Վրաստանի օրինակին և կարգելի թանկարժեք մեքենաների վերաարտահանումը Ռուսաստան՝ այս պահին պարզ չէ։ Պատասխանատու պետական ոչ մի գերատեսչությունից «Ազատության» այս հարցին այսօր չեն պատասխանել։