ՔՊ-ն այս պահին չի պատրաստվում հրապարակել օրերս ավելի քան 1 մլն 300 հազար դոլարի նվիրատվության աղբյուրները

Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» այս պահին չի պատրաստվում հրապարակել օրերս ավելի քան 1 միլիոն 320 հազար դոլարի նվիրատվության աղբյուրները՝ սպասելով օրենքով դրա համար սահմանված վերջնաժամկետին, «Ազատությանը» փոխանցեցին կուսակցության նախընտրական շտաբից։

Կուսակցությունները ընթացիկ տարվա դրամական հաշիվների ու գույքի մասին հաշվետվությունը պարտավոր են հրապարակել մինչև հաջորդ տարվա մայիսի 31-ը։

«Քաղաքականության ֆինանսավորման հարցի հասցեագրումը մեր ծրագրային և օրակարգի կարևոր խնդիրներից են եղել միշտ», - հայտարարեց վարչապետը:

Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի մեկնարկից 20 օր առաջ կայացած դրամահավաք երեկոյին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթը սկսել էր՝ դիմելով քաղաքապետի իրենց թեկնածու Տիգրան Ավինյանին, հետո ընտրական շտաբների ղեկավարներին ու շնորհակալություն հայտնել նվիրատուներին՝ քարոզարշավին աջակցություն ցուցաբերելու համար։ Նման նվիրատվություններն են ի ցույց դնում քաղաքական աջակցությունը, ասել էր Փաշինյանը։

«Կոռուպցիոն ռիսկերը գնահատելու համար անհրաժեշտ է նախ ծանոթանալ այդ ցանկերի հետ»

Իսկ ովքե՞ր են այդ աջակցիները, դեռ պարզ չէ։ Մինչդեռ «Թրանսփարենսի ինթերնեյշընլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգողը պնդում է՝ Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ ընտրողները պետք է հնարավորություն ունենային ստանալու այդ տեղեկատվությունը։

«Այստեղ կոռուպցիոն ռիսկերը գնահատելու համար անհրաժեշտ է նախևառաջ ծանոթանալ այդ ցանկերի հետ, հասկանալ՝ ինչքանով են, օրինակ, նույն խոշոր ձեռնարկատերերը, տարբեր խնդիրներ, օրինակ, դատական գործերով անցնող մարդիկ, qաղաքապետարանի հետ տարբեր խնդիրներ ունեցող և այլ խնդրահարույց դեպքերը մենք կարողանանք ցանկերի վերլուծության միջոցով վեր հանել», - նշեց Մարիամ Հովեյանը:

Հովեյանն ասում է՝ իշխող ուժը կարող էր որպես հաշվետվողականության և թափանցիկության ժեստ հիմա հրապարակել այդ ցանկը, հատկապես որ ըստ օրենքի՝ կարող է։ Դա կնպաստեր վստահության մթնոլորտի բարձրացմանը, քաղաքական առողջ միջավայրի ձևավորմանը։

«Ընդհանուր առմամբ հավաքված gումարն այնպիսին է, որ՝ այո, հարցեր է առաջացնում, օբյեկտիվորեն կասկածներ կարող է հարուցել, բայց մենք պիտի ուսումնասիրենք այդ տվյալները հետո նոր գանք ինչ-որ եզրակացությունների», - ասաց նա:

Մասնագետն ընդգծում է՝ միայն օրեր առաջ հայտարարված դրամահավաք երեկոյին «Քաղաքացիական պայմանագրին» որպես նվեր տրված գումարն արդեն գերազանցել է վերին շեմը։

Ըստ օրենքի, մեկ տարվա ընթացքում կուսակցությանը որպես անդամավճար, նվիրատվություն տրվող գումարի առավելագույն չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի հինգ հարյուր հազարապատիկը՝ 500 միլիոն դրամը։ Իշխող ուժը, սակայն, օրերս ստացել է 506 միլիոնից ավելի գումար և վեց միլիոնը պետք է վերադարձնի նվիրատուներին կամ փոխանցի պետական բյուջե։

«Միայն այս դրամահավաք երեկոյի ընթացքում արդեն շեմը գերազանցվել է՝ չհաշված արդեն սրանից առաջ եղած մնացորդը կուսակցության հաշվին, սրանից հետո դեռ մինչև տարեվերջ տեղի ունեցող նվիրատվությունները», - նշեց Մարիամ Հովեյանը:

Վերջին դրամահավաքում Նիկոլ Փաշինյանի առաջնորդած կուսակցությունը ստացել է իր ութամյա պատմության մեջ ամենամեծ նվիրատվությունը։ Մի քիչ պակաս «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 2021 թվականին՝ մոտ մեկ միլիոն 100 հազար դոլար, իսկ ընդդիմադիր ժամանակաշրջանում պատկերն այլ էր։

Ըստ պաշտոնական «Ազդարար» համակարգի՝ 2017-ին, օրինակ ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագրին» ոչ մի լումա չի նվիրաբերվել, անգամ 2019-ին ՔՊ-ն որևէ լումա չի ստացել, բայց արդեն 2020-ից փողի տեսքով նվերները սկսել են հոսել կուսակցության բյուջե՝ անհատներից 101 միլիոն դրամ՝ մոտ 250 հազար դոլար, իսկ մասնավոր ընկերությունների փոխանցած գումարը հասել է 36.5 միլիոն դրամի՝ մոտ 90 հազար դոլարի։ 2022-ին գումարը քիչ պակասել է՝ դառնալով մոտ 420 հազար դոլար։ Ի դեպ, Ալեն Սիմոնյան, Արարատ Միրզոյան, Լիլիթ Մակունց՝ բարձրաստիճան այս պաշտոնյաները դեռ 2021-ին սեփական կուսակցությանն են նվիրաբերել յուրաքանչյուրը 1.5 միլիոն դրամ։

Իոաննիսյանը ևս պնդում է՝ իշխող ուժը չպետք է սպասի մինչև հաջորդ տարի

«Հանրության ներկայացուցիչները, հետաքննող լրագրողները կարողանան ստուգել, օրինակ, X մարդը, որ ինչ-որ գումար է փոխանցել, ինքը տրամաբանորեն այդքան եկամուտ ունի՞, թե՞ դա փաստացի այլ մարդու փոխանցած է, որն X մարդու միջոցով է փոխանցվում», - ասաց «Անկախ դիտորդ» դաշինքի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Իոաննիսյանը ևս պնդում է՝ իշխող ուժը չպետք է սպասի մինչև հաջորդ տարի։ Չնայած կուսակցություններին տրված այս հնարավորությունը մասնագետները դրական են գնահատում, բայց պնդում են՝ թափանցիկությունն առաջին տեղում պետք է լինի։ Իոաննիսյանը հիշեցնում է, որ ընդամենը երկու տարի առաջ նվիրատվություն կարող էին անել ոչ միայն քաղաքացիները, այլև՝ մասնավոր ընկերությունները։

Հենց ՔՊ-ի 2020 թվականի հաշվետվությունում, օրինակ, երևում է, որ խոշոր գումարներ են նվիրել հայտնի ընկերություններ, ինչպիսիք են՝ «Հարավկովկասյան երկաթուղին»՝ 3 միլիոն դրամ, «Ապավենը»՝ 5 միլիոն դրամ, «Մապ» ընկերությունը՝ մեկ միլիոն դրամ։ Ինչո՞ւ են այս ընկերությունները ժամանակին ֆինանսավորել իշխանական ուժին։ Ի թիվս այլ պատճառների, Իոաննիսյանը չի բացառում անձնական շահագրգռվածությունը:

«Ոմանք ֆինանսավորում են, հետո այդ ֆինանսավորումը միգուցե փորձում պետական համակարգին ասել՝ ես ՔՊ-ին ֆինանսավորել եմ, ստեղ չգիտեմ՝ մի քիչ ավելի արագացված ընթացակարգով է լիցենզիա պետք, լիցենզիան մի քիչ արագացրեք», - ընդգծեց նա:

Իոաննիսյան ասաց, որ այս հարցն արդեն երկու տարի է լուծված է, բիզնեսն այլևս չի կարող գումար նվիրել կուսակցություններին, բայց նրանց ղեկավարները, որպես անհատներ, կաշկանդված չեն։ Միակ սահմանափակումը առավելագույն թիվն է՝ տարեկան 2.5 միլիոն դրամ։

«Եթե այդ շեմը չ խախտվում, կուսակցությունն օլիգարխից կախված չի դառնալու», - ասաց «Անկախ դիտորդ» դաշինքի համակարգողը:

Վարչապետ Փաշինյանը ևս դրամահավաք երեկոյին հայտարարել էր՝ լավ է 1000 հոգի մեկ դրամ տան, քան 1 հոգի՝ 1000 դրամ՝ ընդգծելով՝ հանրության լայն շրջանակի ընդգրկումը մեծ նշանակություն ունի հենց ժողովրդավարության համար։