Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով 5 մեղադրյալներից մեկի՝ մայոր Մառլեն Սարգսյանի մայրը պնդում է՝ կես տարի անազատության մեջ գտնվող որդուն հրդեհից հետո հետին թվով զորամասի հրշեջ ծառայության պետ են նշանակել, որ 15 զինվորի կյանք խլած ողբերգության համար նաև նա պատասխանատվություն կրի՝ իրական պատասխանատուների փոխարեն։
«Հնարավո՞ր է դա, երբ որ ինքը կոմունալ ծառայության բաժնի պետ է, միանգամից նշանակում են հրշեջ ծառայության բաժնի պետ ու կալանավորո՞ւմ դեպքից 10 օր հետո: Թող դեպքի օրը կալանավորեին», - ասաց Ծաղիկ Գաբրիելյանը:
Գաբրիելյանի պնդմամբ՝ որդին զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետն է եղել, և միայն վերջերս են իմացել, որ հրաման կա՝ որդին է եղել հրշեջ ծառայության պետը, երբ կացարանը հրդեհվել է։
«Եթե տեղյակ լիներ, ինքը պիտի ստորագրեր չէ՞ էդ հրամանի տակ, որ ես պատասխանատու եմ էս գործերի համար», - նշեց մայրը:
Մեղադրյալի փաստաբան Վահագն Հակոբյանն էլ է նույնն ասում՝ առանց կոնկրետ փաստաթղթեր ներկայացնելու: Փաստաբանի ներկայացմամբ՝ Սարգսյանը նշանակվել է զորամասի հրշեջ ծառայության պետի պաշտոնում, բայց փաստաթղթում բացակայում է նրա ստորագրությունը։
«Չեմ կարող ներկայացնել որպես փաստ՝ երբ է նշանակվել ծառայության պետ, բայց կարող եմ ասել, որ այդ հրամանին Մառլեն Սարգսյանը չի ծանոթացել: Էդ հրամանում գրեթե բոլոր ծառայության պետերը ստորագրել են բացի Մառլեն Սարգսյանից: Հիմա հարց է առաջանում՝ եթե ավելի շուտ է եղել այդ հրամանը ի՞նչն է պատճառը, որ Մառլեն Սարգսյանը չի ծանոթացել», - ասաց Վահագն Հակոբյանը:
Ասածը հիմնավորելու համար Հակոբյանի պնդում է՝ նույն զորամասի մեկ այլ վայրում՝ Ազատի կացարանի հրդեհից առաջ էլի հրդեհ է եղել, սակայն իր պաշտպանյալը դրա մասին ամիսներ անց՝ արդեն կացարանի հրդեհի քրեական գործի նյութերից է իմացել։ Մինչ այդ, ըստ փաստաբանի, պաշտպանյալին զորամասի վերադասից որևէ մեկը չի կանչել ու բացատրություններ պահանջել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ազատի կացարանի հրդեհի գործը քննող իրավապահները «չեն ցանկանում մեղավորներին զորամասային օղակից վերև փնտրել». փաստաբան«Էդ հրդեհի հետ կապված, եթե Մառլեն Սարգսյանն իրականում հանդիսացել է հրշեջ ծառայության պետ, որևէ մեկն այդ մարդուն կանչե՞լ է ասի՝ զորամասում, որ հրդեհ եղավ, գույք ոչնչացավ, զենք, ռազմամթերք, արի բացատրություն տուր, թե ինչի ես թերացել քո ծառայողական պարտականությունները կատարելու մեջ: Որևէ մեկը Մառլեն Սարգսյանի հետ այդ թեմայով խոսե՞լ է, ոչ: Դեպքի մասին, որ զորամասում հրդեհ է եղել, Մառլենը տեղեկացել է քրեական գործի նյութերից», - ընդգծեց փաստաբանը:
Գործը քննող Քննչական կոմիտեից արձագանքելով Սարգսյանների հայտարարություններին, հայտնում են, որ նախաքննության ընթացքում կքննվեն բոլոր հանգամանքները։
«Պետք է նշեմ, որ քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերվող տվյալների վերաբերյալ տեղեկատվություն չի կարող հրապարակվել նախաքննության շահերից ելնելով, բայց մնացած բոլոր հանգամանքները քննության առարկա են», - ասաց ՔԿ նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Արդարության պահանջով Մառլեն Սարգսյանի մայրը՝ Ծաղիկ Գաբրիելյանն այսօր ընտանիքի մյուս անդամների ու փաստաբանի հետ միասին Գլխավոր դատախազության շենքի առջև էին հավաքվել, ցանկանում էին հանդիպել գլխավոր դատախազին։ Գերատեսչության աշխատակիցները նրանց առաջարկեցին դիմում գրել։
Սարգսյանի հարազատներն ու փաստաբանը համոզված են, որ 15 զինվորականի կյանք խլած գործի նախաքննության ընթացքում իրավապահներն առաջնորդվում են պաշտոնական վարկածով, թե ողբերգության պատճառը բենզինը վառարանի կրակի վրա լցնելն է։ Ըստ փորձաքննության, զինծառայողների մահվան պատճառը շմոլ գազն ու այրվածքային շոկն են։
Հրդեհից կես տարի անց դեռ նախաքննություն է ընթանում։ Թե երբ գործը դատարան կհասնի՝ առայժմ պարզ չէ։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեռ ևս մի քանի փորձաքննության եզրակացության են սպասում։ Հրդեհից մոխրացած զինվորների հարազատները ևս բազմաթիվ անպատասխան հարցեր ունեն ու պարբերաբար հայտարարում են, թե չեն վստահում նախաքննությանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչի՞ց են մահացել տղաները, ինչո՞ւ չեն փախել. Ազատի կացարանում զոհվածների ծնողների հարցերը 6 ամիս անց միայն խորացել են