«Կիպրոսի օֆշոր» քրգործով իրավապահները ցանկանում են որպես վկա հարցաքննել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին

Տարիներ առաջ «Կիպրոսի օֆշոր» անունը ստացած քրեական գործով իրավապահները ցանկանում են որպես վկա հարցաքննել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, որին հուլիսին այդպես էլ հանրապետությունում չեն գտել։

Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արտյոմ Օվսյանն ասում է՝ այժմ միջոցներ են ձեռնարկում Սարգսյանի բնակության վայրը հայտնաբերելու ուղղությամբ։

«Նախաքննական մարմինը միջոցներ ձեռնարկել է, որպեսզի հարցաքննության հրավիրի, այնուամենայնիվ, չի ներկայացել, և ՍԵԿՏ հարցում է կատարվել ու պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունից բացակայում է», - նշեց Օվսյանը:

2008-ից 2014 թվականը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Սարգսյանի անունը բազմիցս հնչեցրել է սնանկացած գործարար Փայլակ Հայրապետյանը՝ նրան ու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին մեղադրելով իրեն ունեզրկելու համար։

Իրավապահները պնդում են, որ Կճոյանը 2010 թվականին իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող գործարար Աշոտ Սուքիասյանի հետ նախնական համաձայնությամբ, խարդախությամբ՝ իբրև Աֆրիկայի մայրցամաքում իրեն պատկանող ադամանդի հանքավայրերում 12 միլիոն դոլարի ներդրում կատարելու, արդյունահանված ադամանդի հումքը Հայաստանում վերամշակելու և վաճառքի հանելու պատրվակով համոզել է գործարար Փայլակ Հայրապետյանին ներդրում անել։

Փայլակ Հայրապետյանը գրավադրել է իր մոտ 100 միլիոն դոլարի անշարժ գույքը, մոտ 11 միլիոնը տվել է Աշոտ Սուքիասյանին, որն էլ հետագայում գումարը լվացել է օֆշորային գոտում։ Հայրապետյանը պնդում է, որ օֆշորային ընկերությունները բացել են Նավասարդ Կճոյանն ու Տիգրան Սարգսյանը։ Նրանք, սակայն, հերքել են այս պնդումը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեղադրանք է առաջադրվել Հայ Առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին. ԱԱԾ

Դեռ 2016-ին դատարանում, երբ ընթանում էր այս գործով միակ մեղադրյալ Աշոտ Սուքիասյանի դատավարությունը, գործարարը պահանջել էր հարցաքննել արքեպիսկոպոսին ու նախկին վարչապետին, բայց դատարանը անտեսել էր նրա խնդրանքը։

Այժմ, երբ այս գործը վերաբացվել է, իրավապահները ցանկանում են լսել Սարգսյանի ցուցմունքները Հայրապետյանին ունեզրկելու գործի շրջանակում, պարզ չէ՝ արդյո՞ք հարցաքննությունից հետո նրան մեղադրանք կառաջադրեն, թե՝ ոչ։

Դատախազությունը կրկին մեղադրյալ է ներգրավել Նավասարդ Կճոյանին

Մինչ այս, դատախազությունը կրկին մեղադրյալ է ներգրավել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդին՝ հենց Փայլակ Հայրապետյանի բողոքից հետո։

Արքեպիսկոպոսը 2020 թվականից մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման համար։ Նա մեղքը չի ընդունում։ Ընդ որում՝ մեկուկես տարի առաջ քննիչն ու դատախազը չեն կարողացել ապացուցել նրա մեղքն ու գործը փակել են։ Այս անգամ եզրահանգել են, թե սպառված չեն քննչական գործողությունները, որոնց արդյունքում ձեռք կբերվեն ապացույցներ։

«Նախաքննությունը գնում է, կատարվում են բազմածավալ քննչական և վարույթային գործողություններ զուտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով», - հայտնեց դատախազ Արտյոմ Օվսյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաստաբանի փոխանցմամբ, արքեպիսկոպոս Կճոյանը չի ընդունում մեղադրանքը

Դատախազը պարզաբանում է, թե ինչու են վերսկսել քրեական հետապնդումը։ Ըստ դատախազության, Կճոյանին մեղադրող գործարար Փայլակ Հայրապետյանը հենց սկզբից էլ համաձայն չէր Քննչականի որոշման հետ, բայց բողոքներ ներկայացնելու փոխարեն դիմումներ էր գրել դատախազություն ու բացառապես տեխնիկական խնդրի պատճառով հարցը ձգձգվել էր։ Սակայն մեկուկես տարի անց վերադաս դատախազը հարգելի է համարել ժամկետները բաց թողնելն ու որոշել վերսկսել նախաքննությունը։

«Հետագայում ներկայացրել է բողոք, որ ինքը ծեր է, ինքը կոնկրետ չի հասկացել տվյալ պարզաբանումները քննիչի կողմից տրված ու այդ կապակցությամբ ուղարկել է բողոք Գլխավոր դատախազություն՝ քննարկելու համար», - նշեց Օվսյանը:

Փաստաբանն ապօրինի է համարում Կճոյանին կրկին մեղադրելը

Արքեպիսկոպոս Կճոյանին արգելվել է լքել երկիրը։ Նրա փաստաբան Արմինե Ֆանյանն այս որոշումը բողոքարկել է գլխավոր դատախազին։

«Քննիչը պատշաճ կերպով գրավոր Փայլակ Hայրապետյանին բացատրել էր իր բողոքարկման և՛ իրավունքը, և՛ ժամկետները, և՛ կարգը», - ասաց Ֆանյանը:

Փաստաբանն ապօրինի է համարում ավելի քան մեկուկես տարի առաջ քննիչի ու դատախազի որոշմամբ արդարացված մարդուն կրկին մեղադրել, այն դեպքում, երբ տուժողը՝ Հայրապետյանը 7 օր ժամանակ ուներ բողոքարկելու։ Միայն գլխավոր դատախազի որոշմամբ ու նոր երևան եկած հանգամանքներից ելնելով՝ կարող են ուժի մեջ մտած որոշումը չեղարկել, օրենքն է վկայակոչում փաստաբանն ու ընդգծում՝ դատախազի այս որոշման մեջ հիմնավորումներ չկան։ Ֆանյանը կարծում է՝ այս գործը վերաբացել են, որպեսզի ամրապնդեն մեկ այլ գործի՝ ապօրինի գույքի բռնագանձման հիմքերը։ Կճոյանի ունեցվածքի մի մասը ևս իրավապահները ապօրինի են որակել ու գործն ուղարկել դատարան։

«Ի վերջո սա իրավական անվտանգության խնդիր է, անձն արդարացված է, այդպես լինի՝ ցանկացած արդարացված անձի որոշում կարելի է մի օր գրչի մեկ հարվածով վերացնել: Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ինչպե՞ս կարող է խմբի կազմում Աշոտ Սուքիասյանի հետ կատարել մի հանցագործություն, երբ որ Աշոտ Սուքիասյանը այդպիսի մեղադրանք չուներ: Աշոտ Սուքիասյանն, ըստ էության, մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց այն բանի համար, որ ինքը միանձնյա է դա արել», - ասաց նա:

Արքեպիսկոպոսի փաստաբանը նկատի ունի դեռ 2021 թվականին վճռաբեկ դատարանի որոշումը, որով Կիպրոսի օֆշորային այս սկանդալի գործով խարդախության, փողերի լվացման համար միակ մեղավոր է ճանաչվել հենց Աշոտ Սուքիասյանը։ Դատախազ Արտյոմ Օվսյանն, իր հերթին, ասում է՝ առաջին ատյանի դատարանը Սուքիասյանին դատապարտել էր 16 տարվա ազատազրկման, սակայն Վերաքննիչը նրան արդարացրել էր խարդախության և փողերը լվանալու հոդվածով և ազատ արձակել կալանքից, ինչից հետո, մինչև վճռաբեկը կքններ այս հարցը, Սուքիասյանը հեռացել էր երկրից։ Նա հիմա հետախուզվում է։