ՀԱՊԿ-ը «պատրաստ է վերսկսել աշխատանքը» Հայաստանի սահմանամերձ շրջաններում դիտորդական առաքելություն տեղակայելու առաջարկի շուրջ

ՀԱՊԿ-ը պատրաստ է վերսկսել աշխատանքը Հայաստանի սահմանամերձ շրջաններում դիտորդական առաքելություն տեղակայելու առաջարկի շուրջ, և այս հարցում սպասում է Երևանի պատասխանին, ռուսական «Ռիա Նովոստի» պետական լրատվական գործակալությանը հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը՝ վստահություն հայտնելով, թե «նման որոշումը կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանային իրավիճակի վրա»։

Աղասանդյանը 2021 թվականից մինչև 2023-ի հունիսը ՀԱՊԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչն էր:

«Մենք շարունակում ենք դրական արձագանք ակնկալել Երևանից և պատրաստ ենք վերսկսել բովանդակային աշխատանքը Հայաստանի սահմանամերձ շրջաններում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու առաջարկի, ինչպես նաև մեր դաշնակցին օգնելու այլ համատեղ միջոցառումների շուրջ։ Համոզված ենք, որ համապատասխան որոշումների ընդունումը դրական ազդեցություն կունենա ընդհանուր տարածաշրջանային իրավիճակի վրա։ Եվս մեկ անգամ շեշտեմ՝ մենք պատրաստ ենք նման կառուցողական աշխատանքի», - ասել է պաշտոնյան։

Իսկ ո՞րն է Երևանի արձագանքը. «Ազատությունը» հարցում է ուղարկել Արտգործնախարարություն, դեռ պատասխան չի ստացել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լուկաշենկո․ ՀԱՊԿ-ից Հայաստանի դժգոհությունները հիմնավոր են
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պաշտոնական Երևանը հրաժարվել է մասնակցել ՀԱՊԿ հերթական հավաքին

Հայաստանը բազմիցս է հայտարարել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից իր դժգոհությունների մասին․ Երևանը ՀԱՊԿ-ից պահանջել էր քաղաքական գնահատական տալ 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի ներխուժմանը Հայաստանի ինքնիշխան տարածք։ Այս պահանջը ՀԱՊԿ-ն այդպես էլ չկատարեց։ Այս լարվածությունից հետո Հայաստանը նախ չեղարկեց իր տարածքում ՀԱՊԿ զորավարժությունները, հետո էլ հրաժարվեց կառույցում գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։

ՀԱՊԿ-ը մի քանի անգամ հայտարարել է, որ մշտապես պատրաստակամ է առաքելություն ուղարկելու հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից։ Պաշտոնական Մոսկվան պարբերաբար կրկնում է, որ գնդակը Երևանի դաշտում է, և հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու ժամկետները կախված են Երևանից։ Մոսկվային Երևանն արտգործնախարարի մակարդակով էր արձագանքել՝ Հայաստանի սահմանին ՀԱՊԿ առաքելությունից հրաժարվելու հարցի ձևակերպումը կոռեկտ չէ, քանի որ Հայաստանը չի հրաժարվել առաքելությունից, նախագիծը կա, դրա ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։

Պատահական չէ, որ Ռուսաստանը այսօր դարձյալ հիշեցնում է ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու իր առաջարկը. Արեգ Քոչինյան

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արեգ Քոչինյանը կարծում է՝ պատահական չէ, որ Ռուսաստանը այսօր դարձյալ հիշեցնում է ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու իր առաջարկը. - «Մեդիա առիթը որն էր այսօրվա դրությամբ հայտարարություն անելու, երկու բան՝ առաջինը, ըստ էության, Կանադայի միանալը ԵՄ դիտորդական առաքելությանը, երկրորդը՝ ԵՄ դիտորդական առաքելության հայտարարությունն այն մասին, որ իրենք Կապանում գործարկեցին հերթական հրամանատարական կետը։ Միևնույն ժամանակ պետք է նաև հաշվի առնենք, որ սա իր մեջ որոշակի սպառնալիքի տարրեր է պարունակում, որ պետք է զուգորդված ընկալել հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ, այսինքն՝ երբ որ Հայաստանը չի համաձայնվում ռուսական ինչ-ինչ երաշխիքների, թեպետ այդ երաշխիքները առանձնապես Հայաստանի համար երաշխիքներ էլ չեն հանդիսանում, և ըստ էության, ՀԱՊԿ-ի և երկկողմ պայմանագրի խախտում է, Ռուսաստանը կարող է էլ ավելի լարել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին. դրա հնարավորություններն ու կարողությունները, ըստ էության, Ռուսաստանն ունի, և դրա պատասխանատվությունն ու պատճառը փորձի բարդել Երևանի վրա, որ մենք ձեզ առաջարկում ենք, դուք հրաժարվում եք»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը չի մասնակցելու ՀԱՊԿ-ի հերթական զորավարժությանը

Բացարձակ անհասկանալի են Փաշինյանի դատողությունները ռուս խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղից դուրս գալու հնարավոր որոշման վերաբերյալ. Զախարովա

Այսօր նաև Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, պատասխանելով «Միջազգային կյանք» ամսագրի հարցին, անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո ասուլիսին:

«Միջազգային կյանք» ամսագրի խորհրդի նախագահը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն է, գլխավոր խմբագիրը՝ նրա խորհրդականը, խորհրդի կազմում հիմնականում փոխարտգործնախարարներ ու դեսպաններ են: Լրագրի ներկայացուցչի հարցին, թե ինչպես է Ռուսաստանի արտգործնախարարությունը գնահատում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ուկրաինական իրադարձությունների ֆոնին՝ Ռուսաստանի բանակցային ակտիվությունը թուլացել է, ինչպես նաև հայտարարությունը Ղարաբաղից խաղաղապահների հնարավոր դուրսբերման վերաբերյալ, Մարիա Զախարովան պատասխանել է. - «Բոլոր նման խոսակցությունները, որ «հատուկ ռազմական գործողության» ֆոնին արտաքին քաղաքականության այս կամ այն ուղղությունները Մոսկվայի համար ավելի պակաս առաջնահերթ են դարձել, ոչ մի փաստական հիմք չունեն, գուցե դա գնահատողական դատողություն է, անձնական կարծիք, հնարավոր է՝ էմոցիա: Մենք ամբողջությամբ եղել և շարունակում ենք հետարքրքրված մնալ հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ տանելու հարցում»:

«Բացարձակ անհասկանալի են Փաշինյանի դատողությունները ռուս խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղից դուրս գալու հնարավոր որոշման վերաբերյալ՝ հատկապես այժմ այնտեղ տիրող բարդ հումանիտար վիճակի ֆոնին: Դա ի՞նչ է, պարոն Փաշինյանի ցանկությո՞ւնն է, ես չեմ հասկանում, ինչի՞ մասին է նա խոսում, նա դա՞ է ցանկանում, որ այդպես լինի», - հավելել է նա:

Զախարովան շեշտել է, որ ռուս խաղաղապահները կարևոր գործառույթներ են կատարում՝ թվարկելով՝ գերիների փոխանակում, ականազերծում, միջադեպերի կարգավորում, հումանիտար օգնության ցուցաբերում, ու նաև հարց բարձրաձրել՝ արդյոք Հայաստանի իշխանությունների համար այդ գործունեությունն անցանկալի է. - «Պետք է հստակ կողմնորոշվել: Ցավոք, մենք հաճախ տեսնում ենք, որ Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչները մի շարք առանցքային հարցերում երկիմաստ դիրք են գրավում, այդ պատճառով ցանկալի է, որ այս հարցում երկիմաստություն չլինի, որովհետև բառերով ձեռնածություն անելը լավ բանի չի հանգեցնում»:


Ուշագրավ է, որ Փաշինյանն ասուլիսում չէր խոսել խաղաղապահների դուրսբերման անհրաժեշտության մասին, այլ պատասխանել էր 2025 թվականից հետո այդ առաքելության ճակատագրի մասին հարցին, նշել էր, որ խաղաղապահները տեղակայվել են Ղարաբաղի ժողովրդի սպանդ թույլ չտալու համար, և եթե Ռուսաստանը որևէ պահի որոշի հանել իր խաղաղապահներին, դա կնշանակի, որ սպանդի վտանգ այլևս չկա:


Քաղաքագետ Արեգ Քոչինյանը կարծում է՝ Զախարովայի հայտարարությունը ևս Ռուսաստանի կողմից Հայաստանին ուղղված սպառնալիք է՝ այս անգամ խաղաղապահներին հանելու վերաբերյալ:

«Սրանք նույնպես, ըստ էության, սպառնալիքներ են, որովհետև երբ օրինակ՝ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը խոսում է ռուս խաղաղապահների դուրսբերման մասին, այն պարագայում, երբ դրա մասին որևէ մեկը չի խոսացել, և դա չի էլ քննարկել ըստ էության, այլ բարձրաձայնել է խնդիրները, դա հենց ուղիղ սպառնալիք է պետք ընկալել, որ ձեզ դուր չի գալիս, մենք կարող ենք և հանել այդ խաղաղապահ առաքելությանը, այսինքն՝ դա նույն սպառնալիքն է արդեն Արցախի հարցում», - շեշտեց նա։