Ուկրաինան կրկին հաղորդում է Կիևի և Օդեսայի վրա իրանական «Շահիդ»-ներով հարձակումների մասին

Օգոստոսի 2-ի գիշերը Ռուսաստանը դարձյալ իրանական «Շահիդ» անօդաչուներով հարձակվել է Կիևի և Օդեսայի վրա. մայրաքաղաքում պայթյուններ են հնչել։

Կիևի իշխանությունները հայտնում են, որ մայրաքաղաք թռչող բոլոր կամիկաձե անօդաչուները խոցվել են, Կիևի բնակիչների մեջ զոհեր և վիրավորներ չկան։

«Անօդաչու թռչող սարքերի խմբերը միաժամանակ մի քանի ուղղություններից ներխուժեցին Կիև: Սակայն, բոլոր օդային թիրախները՝ ավելի քան 10-ը անօդաչու թռչող սարք, ժամանակին հայտնաբերվեցին և ոչնչացվեցին հակաօդային պաշտպանության ուժերի կողմից»,- հայտնում է քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։

Ըստ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի՝ քաղաքի երեք թաղամասերում ընկել են խոցված անօդաչու թռչող սարքերի բեկորներ, սակայն լուրջ վնասներ չկան՝ մի տեղ վնասվել է ոչ բնակելի շենք, մյուսում՝ ծառը։