Թրամփին ևս 4 մեղադրանք է առաջադրվել

Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին ևս 4 մեղադրանք է առաջադրվել։ Դաշնային դատախազները Թրամփին մեղադրում են 2020 թվականի ընտրությունների արդյունքները տապալելու՝ իշխանությունը պահպանելու փորձի համար։

45 էջանոց մեղադրական եզրակացությունում նշվում է, որ Թրամփը փորձել է թույլ չտալ Կոնգրեսին հաստատել դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը և զրկել ընտրողներին արդար ընտրությունների իրավունքից:

Դատախազներն ասում են, որ Թրամփը գիտեր, որ Ջո Բայդենի նկատմամբ իր հաղթանակի մասին պնդումները կեղծ են, սակայն նա կրկնել է դրանք՝ ամերիկյան հասարակության մեջ «անվստահության և զայրույթի լարված մթնոլորտ» ստեղծելու և «ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությունը խաթարելու համար»։

Փաստաթղթում հստակ ասվում է, որ Թրամփը, ըստ դատախազների, «վճռական է եղել մնալ իշխանության՝ չնայած ընտրություններում կրած պարտությանը», գրում է The New York Times-ը։

Այս գործով մեղադրանք է առաջադրվել ևս վեց անձի, այդ թվում՝ փաստաբանների, որոնք, ըստ դաշնային դատախազների, «կեղծիքի չհիմնավորված պնդումներ են տարածել»։

ԱՄՆ նախկին նախագահին շաբաթներ առաջ մեղադրանքներ էր առաջադրվել նաև մեկ այլ քրեական գործով. նա մեղադրվում է Սպիտակ տնից հեռանալուց հետո գաղտնի փաստաթղթեր պահելու, դրանք թաքցնելու փորձի համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը նոր մեղադրանքների է բախվում․ դատախազները նախկին նախագահին վերագրվող նոր հանցավոր դրվագներ են հայտնաբերել