Այս գիշեր անօդաչուները կրկին հարվածել են Մոսկվայի էլիտար «Մոսկվա սիթի» թաղամասին՝ վնասելով աշտարակներից մեկը։ Քաղաքապետը հայտնել է, թե անօդաչուի բեկորն է խոցել աշտարակը, ինչի հետևանքով վնասվել է 21-րդ հարկի ճակատը։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Անօդաչու սարքեր են նկատվել նաև Մոսկվայի մարզում, տեղի բնակիչները պայթյուններ են լսել։
Անօդաչուները «Մոսկվա սիթի» են հասնում արդեն երկրորդ անգամ։ Ավելի վաղ՝ հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը, մի քանի անօդաչու թռչող սարքեր արդեն հարձակվել էին «Մոսկվա սիթի» բիզնես թաղամասի վրա։ Ռուսաստանի իշխանությունները անօդաչուներն անվանում են ուկրաինական։
Կիևը նախկինում չէր մեկնաբանում այդ հարձակումները։ Սակայն, հուլիսի 30-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ «պատերազմն աստիճանաբար վերադառնում է Ռուսաստանի տարածք»։ «Եվ դա անխուսափելի, բնական և բացարձակապես արդար գործընթաց է», - նշել էր նա։
Այսօր էլ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն է Twitter-ում մեկնաբանել վերջին օրերին Մոսկվայի վրա անօդաչու սարքերի հարձակումների հաճախակիությունը։
«Մոսկվան արագ ընտելանում է լիարժեք պատերազմին, որը շուտով վերջնականապես կտեղափոխվի «պատերազմի հեղինակների» տարածք՝ նրանցից գանձելու նրանց բոլոր պարտքերը։ Այն ամենը, ինչ տեղի կունենա հետո Ռուսաստանում, օբյեկտիվ պատմական գործընթաց է», - ասել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրթիռակոծվել են ուկրաինական բնակավայրերը. ուկրաինական ԱԹՍ-ներն էլ հասել են Մոսկվայի էլիտար թաղամաս
Պոդոլյակի խոսքով՝ կլինեն ավելի շատ անհայտ անօդաչու թռչող սարքեր, ավելի շատ ավերածություններ, ավելի շատ քաղաքացիական հակամարտություններ ու պատերազմներ:
Կրեմլի խոսնակը հանգստացնում է մոսկվացիներին՝ հայտարարելով, թե ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ. - «Իսկապես, սպառնալիքը կա, դա ակնհայտ է։ Եվ միջոցներ են ձեռնարկվում», - ասել է Պեսկովը։
Նախօրեին Կրեմլը հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումները Ռուսաստանում քաղաքացիական օբյեկտների վրա համարում են «հուսահատության ակտեր»՝ ուկրաինական հակահարձակման «ձախողումների» ֆոնին։
Մոսկվացիներն էլ պատմում են, թե լսել են ուժգին պայթյունի ձայն և չեն զարմացել, արդեն գիտեն, որ անօդաչուներ են։
Իր հերթին, ռուսական ուժերը շարունակում են ռմբակոծել ուկրաինական բնակավայրերը, այս գիշեր կրակի տակ են եղել Խարկովն ու Խերսոնը։ Խերսոնում հրետակոծության հետևանքով բժիշկ է զոհվել, հինգ մարդ վիրավորվել է։
ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ հուլիսին Ուկրաինայում 143 քաղաքացիական անձ է զոհվել, այդ թվում՝ չորս երեխա։ Ռուսական ուժերի հարվածների հետևանքով Ուկրաինայում քաղաքացիական զոհերի ճշգրտված թիվը հասել է 9 հազար 369 մարդու։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պեսկով. «Ուկրաինայի հետ խաղաղ կարգավորում հիմա հնարավոր չէ»
Մինչ այդ ճակատում էական փոփոխություններ չկան, հարավում թեժ մարտերը շարունակվում են երկու ուղղությամբ՝ Օրեխովից հարավ, որտեղ տեղակայված է Ռուսաստանի 58-րդ բանակը և Վելիկայա Նովոսելկայից հարավ, որտեղ ուկրաինական հակահարձկմանը դիմակայում են ռուսական 5-րդ բանակի ստորաբաժանումները։
Բրիտանացի հետախույզները հայտնում են, թե ուկրաինական ինտենսիվ գրոհները արդեն լուրջ խնդիրներ են առաջացրել ռուսական ստորաբաժանումներում, և նկատելի է, որ ռուսական բանակը զգում է հրետանային զինամթերքի, ռեզերվների պակաս, կան ապահովման և համակարգման հետ կապված խնդիրներ։
Մեկուկես տարի տևող ռուս-ուկրաինական պատերազմը մոտեցել է Լեհաստանի սահմանին։ «Վագների» հունիսյան տապալված ապստամբությունից հետո Պրիգոժինի ղեկավարած ստորաբաժանումները տեղափոխվել են Բելառուսի տարածք։
Այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փորձել է հանգստացնել Լեհաստանի իշխանություններին, ասելով, թե «Վագների» վարձկանները, գտնվելով Բելառուսում, կիսում են իրենց փորձը բելառուս զինվորականների հետ, և նրանք կարող են գտնվել Բրեստում և Գրոդնոյում՝ Լեհաստանի հետ սահմանի մոտ գտնվող ստորաբաժանումների հենակետերում։
Նա այսպես է մեկնաբանել Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկիի հուլիսի 29-ի հայտարարությունը, թե «Վագների» ավելի քան 100 վարձկաններ շարժվել են դեպի Գրոդնոյի մոտ գտնվող Սուվալկի միջանցք։ «Անշուշտ, սա քայլ է Լեհաստանի տարածքի վրա հետագա հիբրիդային հարձակման ուղղությամբ», - ասել էր Լեհաստանի վարչապետը։
Սուվալկիի միջանցքը լեհ-լիտվական սահմանի փոքր հատված է Ռուսաստանի Կալինինգրադի շրջանի և Բելառուսի միջև:
«Վերջերս ես նաև լսեցի, որ Լեհաստանը զայրացած է, որ ինչ-որ խումբ՝ 100 հոգի, իբր գալիս է այստեղ։ «Վագների» 100 հոգանոց ջոկատներ չեն տեղափոխվել այստեղ։ Իսկ եթե տեղափոխել են, դա միայն Բրեստում և Գրոդնոյում տեղակայաված բրիգադներին մարտական փորձը փոխանցելու համար է։
Բելառուսի նախագահը հավելել է, թե Մինսկին հազար տարի «պետք չէ» Սուվալկիի միջանցքը, և որ Բելառուսը չի ցանկանում կռվել։