Թեղուտի վարչական ղեկավարն ու երկու համագյուղացիներ մեղադրվում են ոստիկանների նկատմամբ բռնության համար. նրանք այլ վարկած ունեն

Լոռու մարզի Թեղուտ գյուղի վարչական ղեկավարն ու նրա ևս երկու համագյուղացիներ մեղադրվում են ոստիկանների ծառայությանը միջամտելու, նրանց նկատմամբ սպառնալիքների, բռնություն գործադրելու և խուլիգանության համար։ Վարչական ղեկավար Արեն Մելիքսեթյանը երկու ամսով կալանավորվել է, Տիգրան Սիրադեղյանը տնային կալանքի տակ է։ Երրորդ մեղադրյալի՝ Արմեն Սարիբեկյանի նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելքը։

Քննչական կոմիտեն հաղորդել է, որ Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներն ու օպերլիազորներն Ալավերդի համայնքի Թեղուտ բնակավայրում ծառայություն իրականացնելու ժամանակ տներից մեկի բակում հայտնաբերել են փայտանյութով բեռնված բեռնատար ավտոմեքենա: Ըստ իրավապահների՝ վարորդը փայտանյութի ձեռքբերման օրինական փաստաթղթեր չի ունեցել, և ոստիկանները պարտավորեցրել են բեռնատարը տեղափոխել Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք ստուգումների համար:

Քննչականի հաղորդագրության մեջ նշված է. «Այդ ընթացքում Թեղուտի 29-ամյա վարչական ղեկավարը մոտեցել և փորձել է ոստիկաններին համոզել հայտնաբերված փայտանյութը չտեղափոխել ոստիկանության Թումանյանի բաժին։ Իսկ երբ ոստիկանության ծառայողները հրաժարվել են կատարել նրա պահանջը, հորդորել են չմիջամտել իրենց օրինական գործողություններին ու հեռանալ, վրդովվել է, օպերլիազորներից մեկի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիք տվել և հեռացել: Այնուհետև, նպատակ ունենալով հաշվեհարդար տեսնել իրեն չենթարկված հիշյալ ծառայողի նկատմամբ՝ նույն օրը՝ երեկոյան, երբ վերջինս գտնվել է Ալավերդի համայնքի Շնող բնակավայրում գտնվող իր տանը, վարչական ղեկավարը գնացել է նրա տուն և պահանջել զրուցելու նպատակով առանձնանալ: Մերժում ստանալով՝ հայհոյանքներ է հնչեցրել՝ կրկին պահանջելով առանձնանալ»։

Հետո, ըստ իրավապահների, մոտեցել են այլ բնակիչներ, ու գործը հասել է ծեծկռտուքի. հարձակվել են ոստիկանության ծառայողի վրա, քաշքշել, ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել օպերլիազորին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչին միջամտել են ոստիկանի ընտանիքի անդամներն ու հարևանները:

Թեղուտցի մեղադրյալները չեն ընդունում մեղադրանքը։ Նրանց փաստաբան Հակոբ Ճարոյանն ասում է՝ հակառակը՝ ոստիկանն է ծեծել իր պաշտպանյալին։ Կասկածի տակ է առնում իրավապահների պնդումները. եթե դեռ Թեղուտում վարչական ղեկավար Արեն Մելիքսեթյանն սպառնալիքներ է հնչեցրել բարձրաստիճան ոստիկանի նկատմամբ, ինչո՞ւ նրան հենց տեղում բերման չեն ենթարկել հանցավոր այդ արարքի համար, մանավանդ որ օպերլիազորի հետ եղել են նրա 5 գործընկերներ, ասում է փաստաբանը։

«6 բարձրաստիճան սպաներ, կապիտան-մայորներ, ո՞նց է ստացվում, որ մի հոգու առջև լրիվ խղճանում են, այսինքն՝ բոլորն էլ ունեն հատուկ միջոցներ, տեղում խի չեն իրեն ձերբակալել, էտքանի մոտ իրենց հայհոյում է, միջոց չեն իրականացնում, ո՞նց հասկանանք», - ասաց նա։

Ճարոյանն ասում է, թե լիարժեք քննության դեպքում կպարզեին, որ ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Գեղամ Մաշինյանն այդ օրը հերթապահություն իրականացնող խմբի կազմում չի եղել, ավելին, ըստ նրա, արկոհոլի ազդեցության տակ է եղել, ինքն է վեճի բռնվել և հարվածներ հասցրել Արեն Մելիքսեթյանին. - «Իմ վարկածով՝ իրականում ինքը եղել է ալկոհոլի ազդեցության տակ, հերթապահության մեջ չի եղել, և քանի որ պատկերացնում են դրա բացասական հետևանքներն իրենց համար, դրա համար էլ բերման չեն ենթարկել»։

Երեք մեղադրյալների պաշտպանն այս պնդումները ներկայացրել է ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին և խնդրել կարգապահական պատասխանատվության ենթարկել այս գործով տուժող ճանաչված մայորին։

Դեռ պարզ չէ՝ այս ամբողջ պատմության պատճառ դարձած փայտանյութն իրականում ապօրինի է եղել, թե ոչ։ Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնեցին, որ այս մասով քրեական վարույթ դեռ չկա։

«Ապօրինի անտառահատման վերաբերյալ հաղրոդում ոստիկանությունից ստացվել է։ Այս պահին քննարկվում է քրեական վարույթ նախաձեռնելու հարցը», - ասաց Քննչականի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Ալավերդու համայնքապետարանից էլ հայտնեցին, որ կկասեցնեն վարչական ղեկավարի լիազորությունը, քանի դեռ նա կալանավորված է։ 29-ամյա Արեն Մելիքսեթյանին այս պաշտոնին նշանակել է Ալավերդիում «Ապրելու երկիր» կուսակցության ընտրական ցուցակով անցած տարի աշնանն իշխանության եկած Արկադի Թամազյանը։ Նա օրեր առաջ դատապարտել էր տեղի ունեցածն ու ասել՝ աշխատանքից կազատի ծանր հանցանքի մեջ մեղադրվող Մելիքսեթյանին, եթե քրեական գործով հաստատվի նրա մեղավորությունը։