Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հաջորդ չորեքշաբթի կարող է հեռախոսազրույց ունենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, իսկ օգոստոսին հնարավոր այցը Թուրքիա դեռ կքննարկվի։
Պատասխանելով այս տարվա օգոստոսին Թուրքիա իր այցի հնարավորության մասին հարցին՝ Պուտինն ասել է. «Չգիտեմ, պայմանավորվել ենք, որ տեսնվենք։ Կտեսնեմ, նա ինձ հրավիրել է նույնիսկ ընտրություններից առաջ (Թուրքիայում-խմբ.), բայց մենք որոշեցինք, որ ավելի լավ է դա չանել, որպեսզի ոչ ոք չշահարկի այս թեմայով»:
Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայում գազային հանգույցի խնդրին՝ Պուտինն ասել է, որ այդ հարցը մնում է օրակարգում։
Հուլիսի 17-ին հացահատիկի համաձայնագրից Ռուսաստանի դուրս գալուց հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է Պուտինի հետ քննարկել գործարքի վերսկսումը, սակայն նախագահների միջև շփումներ տեղի չեն ունեցել։ Հայտնի չէ, թե արդյոք այս հարցը նախատեսվում է քննարկել հեռախոսազրույցի ժամանակ։