Բլինքեն. «Շոյգուի այցը ԿԺԴՀ վկայում է զենք գնելու Ռուսաստանի ցանկության մասին»

ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը, արխիվ:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի համոզմամբ, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցը ԿԺԴՀ վկայում է զենք գնելու Ռուսաստանի ցանկության մասին։ Այդ մասին պետական քարտուղարը խոսել է Ավստրալիայում՝ Բրիսբեն քաղաքում «2+2» ձևաչափով բանակցություններից հետո:

Պետքարտուղարի հետ այդ բանակցություններին մասնակցել են ԱՄՆ պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը և Ավստրալիայի պաշտպանության ու արտաքին գործերի նախարարներ Ռիչարդ Մարլսն ու Փենի Վոնգը:

«Ինչ վերաբերում է Հյուսիսային Կորեայում Ռուսաստանի {պաշտպանության} նախարարի այցի մասին հաղորդագրություններին, ապա ես խիստ կասկածում եմ, թե նա այնտեղ արձակուրդում է»,- ասել է Բլինկենը։

ԱՄՆ պետական քարտուղարի խոսքով, Ռուսաստանը հուսահատ վիճակում աջակցություն ու զենք է փնտրում:

«Եվ մենք դա տեսնում ենք Հյուսիսային Կորեայում»,- ասել է ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը:

Նրա ելույթի սղագրությունը տարածել է Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի մամուլի վարչությունը։

Սերգեյ Շոյգուի ղեկավարած ռուսական պատվիրակությունն այցելել է Հյուսիսային Կորեա, որտեղ մասնակցել է «1950-1953 թվականների պատերազմում Կորեայի ժողովրդի մեծ հաղթանակի 70-ամյակի տոնակատարությանը»։

Շոյգուն Փհենյանում Հյուսիսային Կորեայի հիմնադիր առաջնորդ Կիմ Իր Սենի հրապարակում ներկա է եղել հանդիսավոր զորահանդեսին։ Բացի այդ, նա բանակցություններ է վարել Հյուսիսային Կորեայի ներկայիս առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ, և քննարկվել են Մոսկվայի ու Փհենյանի համագործակցության զարգացման հնարավորությունները: