5 անչափահաս երեխա ու հարյուր այծ. Լոռիում բնակվող Ալյոնա Գարտմանը երազում է սեփական արտադրամասը հիմնել

Գերմանական ծագումով ռուս Ալյոնա Գարտմանը 5 անչափահաս երեխա ու 100 այծուկներ ունի։ Ապրում է խիստ կրոնական ավանդույթներ ունեցող մալականների գյուղում՝ Լոռու մարզի Լեռմոնտովոյում՝ համագյուղացիների դատապարտող հայացքների ու խիստ քննադատությունների պայմաններում։

«Խիստ են մալականների ավանդույթները։ Բոլոր երիտասարդները չէ, որ հարմարվում են։ Շատ ծանր է լինում։ Մեղք են համարում, որ ես ամուսնալուծվել եմ։ Ավելի մեծ մեղք է, որ ես երկրորդ ամուսինն եմ ունեցել ու երեխաներ ունեցել նրանից։ Դրա պատճառով մեր մալականներն ինձ վատ են ընդունում։ Ես անգամ չգիտեմ՝ ինչպես են իմ աղջիկներն ամուսնանալու։ Խնդիրներ կլինեն», - ասում է նա։

«Մեր սովորույթներն ուրիշ են։ Թեկուզ ամուսինդ քեզ հարվածի, ծեծի, վիրավորի, թեկուզ չգիտեմ ինչ... Չնայած դա եղել է. ամուսինս ինձ պարբերաբար ծեծում էր, ստորացնում։ Ու, գիտե՞ք, ես դա չհանդուրժեցի։ Ես էլ կին եմ, ես արժանի եմ լավ ապրելուն։ Ընդ որում, ես չեմ ուզում, որ իմ երեխաները վախենան իրենց հորից։ Բայց մինչև հիմա իմ ավագ որդին հոգեբանական խնդիրներ ունի։ Նա խփել է երեխային, շատ ուժեղ է հարվածել զուտ նրա համար, որ համակարգչով խաղում էր։ Մեր կրոնն արգելում է տանը հեռուստացույց կամ համակարգիչ ունենալ։ Երեխաները պետք է երգեն, աղոթեն, որ ավելի շատ Աստծուն մոտենան», - պատմում է նա ու նորից թվարկում իրենց մոտ ընդունված ավանդույթները. - «Մեզ մոտ ընդունված չէ շալվար հագնել։ Կանայք պետք է միշտ գլխաշոր կրեն։ Իսկ ես առանց գլխաշորի եմ, շալվար եմ հագնում։ Ինձ այսպես հարմար է՝ քաղաք եմ գնում, առևտուր եմ անում։ Գիտեք, դժվար է գյուղում։ Անցնում եմ, բոլորը նայում են, խոսում են, քննարկում, չնայած ինձ համար միևնույնն է, ես գիտեմ, Աստված ինձ դատավոր կլինի, վերջ»։

Կյանքի բերումով առաջին ամուսնուց բաժանվել է, երկրորդ ամուսնու հետ մեծ ֆերմա են ստեղծել Արցախում, բայց 2020-ի պատերազմից հետո հնարավոր չի եղել տեղափոխել այծերի ու ոչխարների ամբողջ գլխաքանակը։ Ռուս ամուսինը մնացել է այնտեղ, ինքը՝ երեխաների ու հարյուր այծերի հետ տեղափոխվել ծննդավայր՝ Լեռմոնտովո։ Այստեղ տուն է գնել ու շարունակում է արտադրությունը. - «Կարծես, իմ երեխաները լինեն։ Փետրվարից սկսեցին ծնել, ու ես եմ այծիկների ծնունդն ընդունել։ Գիշերներով չեմ քնել։ Ես ավելի շատ էի նյարդայնանում, քան իրենց մայրիկները։

Գիտե՞ք, կարևորն այն չէ, որ ես գումար եմ աշխատում։ Ես իրենց շատ եմ սիրում։ Այծերը շատ մաքուր ու խելացի կենդանիներ են ու չեն հիվանդանում։

Մենք կաթով ենք ապրում։ Շատերն ինձ ասում են՝ էս ո՞նց ես այսպես պահպանվել՝ երեխաներ ես ունեցել ու այսքան երիտասարդ մնացել։ Անգամ երբ հարդարվում եմ, հագնվում, կարծում են՝ 25-30 տարեկան եմ: Թեկուզ ծանր է, լինում է՝ տագնապների մեջ եմ ընկնում, թե հոգնել եմ, էլ չեմ կարող, բայց տղաս ուժ է տալիս՝ չէ, մամ, մի վաճառի»։

Ալյոնան ասում է՝ Հայաստանում չեն արժևորում այծի կաթը, բայց դրանից շատ լավ պանիր է դուրս գալիս։ Երազում է արտադրամաս հիմնել, յոգուրտներ պատրաստել։

«Ինքս կհասնեմ դրան, թեկուզ դժվար լինի, թեկուզ անքուն գիշերներ ունենամ։ Կինն առանց տղամարդու էլ կարող է ամեն ինչ։ Կարևորը ցանկություն ունենա ու առողջ լինի», - վստահ է նա։