Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամապոսան Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահի հետ աֆրիկյան առաջնորդների հանդիպմանը Վլադիմիր Պուտինին կոչ է արել վերադառնալ հացահատիկի գործարքին։ Միաժամանակ նա հասկացրել է, որ Աֆրիկայում հացահատիկ մատակարարելու Ռուսաստանի առաջարկները, այդ թվում՝ անվճար, չեն կարող փոխարինել «սևծովյան համաձայնագրին»։
«Մենք չենք եկել «նվերներ» խնդրելու, իհարկե, հասկանում ենք, որ Դուք, մեծահոգաբար որոշել եք առանց փոխհատուցման հացահատիկ տրամադրել աֆրիկյան որոշ երկրների, որոնք բախվում են դժվարությունների... բայց մեր նպատակը դա չէ , մեր հիմնական խնդիրը նմանօրինակ մատակարարումների հասնելը չէ»,- ասել է Ռամապոզան, հարավաֆրիկացի առաջնորդի խոսքերը մեջբերել է Կրեմլի մամլո ծառայությունը։
Պուտինն ավելի վաղ խոստացել էր 25-50 հազար տոննա հացահատիկ անվճար մատակարարել վեց պետությունների՝ Բուրկինա Ֆասոյին, Զիմբաբվեին, Մալիին, Սոմալիին, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությանը և Էրիթրեային։ Ըստ տարբեր գնահատականների՝ Ռուսաստանի առաջարկած ծավալն այդ երկրներին անհրաժեշտ հացահատիկի միայն չնչին մասն է։
ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է աֆրիկյան շուկայում ուկրաինական հացահատիկը փոխարինել կոմերցիոն հիմունքներով։