Ալավերդիում այսօր ավագանու նիստ տեղի ունեցավ ընդդիմությունը ներկայացնող «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնությամբ ու առաջ քաշած օրակարգով։
Ավելի վաղ երկու անգամ այստեղ իշխանություն ունեցող «Ապրելու երկրին» չէր հաջողվել նիստ անցկացնել. ընդդիմադիր խմբակցությունն ու «Ապրելու երկրից» դուրս եկած մեկ անդամը չէին ներկայանում, քվորում չէր լինում։ Այսօր արդեն երկու խմբակցությունն էլ ներկա էր։
Արդյո՞ք սա նշանակում է, որ Ալավերդիում ընդամենը մեկ մանդատի առավելությամբ իշխանության եկած «Ապրելու երկիրն» այլևս մեծամասնություն չունի։ Անցած տարի աշնանը Հայ ազգային կոնգրեսի հետ հուշագրով էին կարողացել առավելություն ունենալ «Քաղաքացիական պայմանագրի» նկատմամբ։ Օրեր առաջ գործող համայնքապետ Արկադի Թամազյանի թիմակիցը՝ Սիմոն Զախարովը «Ապրելու երկրից» դուրս եկավ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալավերդիում համառ լուրեր են տարածվել, թե ՔՊ-ն իրենց քաղաքում մտադիր է անել այն, ինչ արեց ԱխուրյանումԶախարովն այսօր ասաց, որ դիրքորոշումը չի փոխել, գործող համայնքապետի թիմն իր սրտով չէ. - «Միանշանակ չեմ աշխատելու, ըտեղ թիմ չկա»։
Դեռևս պարզ չէ՝ թիմից դուրս եկած Սիմոն Զախարովը կմիանա՞ «Քաղաքացիական պայմանագրին», թե ոչ։ Այսօրվա դրությամբ թե՛ Զախարովը ու թե՛ «Քաղաքացիական պայմանագիրը» հերքում են, թե փոխադարձ պայմանավորվածություն ունեն։
Ալավերդու համայնքապետի պաշտոնավարման մեկ տարին լրանում է հոկտեմբերին։ Հենց այդ ժամանակ «Քաղաքացիական պայմանագիրը» հնարավորություն ունի անվստահություն հայտնել գործող ղեկավարին։
Արդյո՞ք կգնան դրան, թե՞ ոչ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Հարություն Ձավարյանն օրեր առաջ «Ազատությանն» ասել էր, որ Զախարովի «Ապրելու երկրից» դուրս գալու որոշումն Ալավերդիում իշխանության գալու լավ հնարավորություն է ընդդիմության համար, բայց դեռ այդ մասին չեն քննարկում խմբակցությունում։ Ձավարյանը, որ նախորդ գումարման ավագանիում մեծամասնականով որպես անկուսակցական էր ընտրվել, այսօր ասաց՝ դժգոհ են գործող իշխանությունից։
Ավելի վատ են կառավարում համայնքը, քան մեկ տարի առաջ՝ Հանրապետական համայնքապետի օրոք էր, ասաց ավագանու ՔՊ-ական անդամը. - «Անհամեմատ օպտիմալ ա եղել, անհամեմատ...»
Ընդդիմադիր անդամը շեշտում է՝ այսօր խոշորացված Ալավերդու բյուջեն անարդյունավետ են ծախսում։ Հաստիքացուցակն էլ ուռճացված է. - «Համայնքապետարանի ու ընդհանրապես օղակների կառուցվածքը ոչ օպտիմալ ա շատ։ Եթե խոշորանալու ենք, բայց աշխատավարձի ֆոնդը ընդհանուր պետք ա աճի, բայց ոչ թե նվազի կապիտալ գումարներ գեներացնելու համար, տրամաբանական չի»։
Մինչդեռ «Ապրելու երկրի» անդամ համայնքապետ Արկադի Թամազյանը հակադարձում է` Ալավերդին Հայաստանի ամենամեծ համայնքներից մեկն է՝ խոշորացումից հետո 28 բնակավայր ունի, փոքր հաստիքացուցակ ունենալ չէր կարող։ Խորհուրդ է տալիս համեմատել ՔՊ-ի կողմից կառավարվող համայնքների հետ. - «Եթե համեմատական են բերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցությունը, համեմատական բերեն մյուս համայնքների, որոնք որ կառավարում են «Քաղաքացիական պայմանագիր» ղեկավարությունը։ Թող համեմատեն հաստիքացուցակները... հենց նույն Վեդին խնդրում եմ համեմատեք ու կպատկերացնեք հաստիքացուցակի ուռճացված տարբերակը որն է, Ալավերդի՞ն է ուռճացված թե՞ Վեդին»։
Այսօրվա նիստի օրակարգում չէր ներառվել համայնքի ղեկավարի երկու տեղակալների նշանակման հարցը։ Դեռ նախորդ նիստերին ընդդիմությունը պահանջել էր հանել դրանք օրակարգից։ «Քաղաքացիական պայմանագիրն» ավելի վաղ դիմել է դատախազություն՝ պնդելով, թե համայնքի գործող ղեկավարը երկու տեղակալ է նշանակել ապօրինաբար՝ առանց ավագանու հաստատման։ Մինչդեռ համայնքապետ Թամազյանն ասում է, թե դրա իրավունքն օրենքն իրեն տալիս է։
Այս հարցով համայնքապետարանը դիմել է արդարադատության և տարածքային կառավարման նախարարություններ՝ պարզաբանում ստանալու համար։