Ալավերդու Թեղուտ բնակավայրի վարչական ղեկավարն ու ևս երկու անձ ձերբակալվել են

Ալավերդու Թեղուտ բնակավայրի վարչական ղեկավար Արեն Մելիքսեթյանն ու ևս երկու անձ ձերբակալվել են հուլիսի 25-ին Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, պարեկային ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու առերևույթ դեպքի առթիվ։

Երեկ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քրեական վարույթ է հարուցվել։

Ալավերդու համայնքապետ Արկադի Թամազյանն «Ազատությանն» ասաց. - «Մինչ իրավապահները կքննեն գործը, գուցե, անգամ, կալանքի որոշում կայացնեն, ես կազատեմ նրան աշխատանքից։ Եթե պարզվի, որ մեղք չունի, կվերականգնվի իր աշխատանքում, եթե ոչ, իր պաշտոնին չի վերադառնա։ Եթե հաստատվի վարչական ղեկավարի մեղքը, դա միանշանակ դատապարտելի կլինի մեր կողմից»։

Թամազյանն ասաց՝ նաև քաղաքական հայտարարություն է պատրաստվում անել այս մասին։

Ալավերդու համայնքապետը հրաժարվեց դեպքի մասին մանրամասներ հայտնել։ Ասաց՝ ձեռնպահ կմնա, քանի դեռ քննություն է ընթանում։ Քննչական կոմիտեն այս պահի դրությամբ Թեղուտի վարչական ղեկավարին ու ևս երկու բնակիչներին կալանավորելու պահանջով դատարան չի դիմել։