Այսօր Արցախի առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնից 11 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Լեռնային Ղարաբաղի առողջապահական գերատեսչության փոխանցմամբ, նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 13 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։
«Ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում է Կարմիր խաչի մեքենաներով խիստ անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագաների մատակարարումը Արցախ», - ասված է հաղորդագրությունում:
«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 երեխա, 5-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
Հանրապետական բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում 82 հիվանդ, 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։