56 տարեկանում մահացել է իռլանդացի ռոք երգչուհի Շինեյդ Օ'Քոնորը։
1990 թվականին նա համաշխարհային աստղ է ճանաչվել ամերիկացի երգիչ Փրինսի հեղինակած Nothing Compares 2 U երգը: Դրանից հետո երգչուհին թողարկել է բազում հիթեր:
2017 թվականին երգչուհին հայտարարել է, թե իր նոր անունը Մագդա Դավիթ է, իսկ դրանից մեկ տարի անց՝ 2018-ին, ասել է, որ իսլամ է ընդունել և հետայսու իր անունն է Շուհադա Սադաքաթի:
Ռոք աստղը տառապել է տարատեսակ հոգեկան խանգարումներով և 1990-ականներին մի քանի անգամ ինքնասպանության փորձեր է կատարել:
Շինեյդ Օ'Քոնորը չորս անգամ է ամուսնացել և ամեն ամուսնուց մեկական երեխա է ունեցել:
2022 թվականի հունվարի 5-ին անհետացել է Շինեյդ Օ'Քոնորի 17-ամյա որդին՝ Շեյնը: Երկու օր անց ոստիկանները հայտնաբերել են տղայի դին: Հետագայում իրավապահները հայտնել են, որ Շեյնն անձնասպան է եղել: Տղան նույնպես հոգեկան խնդիրներ է ունեցել:
Այդ ողբերգությունից հետո Շինեյդ Օ'Քոնորի հոգեկան վիճակն էլ ավելի է վատթարացել: Նա սոցիալական ցանցերում գրել է, որ ցանկանում է հեռանալ կյանքից:
Իր վերջին թվիթում Օ'Քոնորը հրապարակել է Շեյնի լուսանկարը և գրել. «Նա իմ կյանքի սերն էր, իմ հոգու ճրագը»։
Վերջին տարիներին նա բնակվել է մերթ Իռլանդիայում՝ Ռոսկոմոնի շրջանում, մերթ Լոնդոնում:
Երգչուհի Շինեյդ Օ'Քոնորի մահվան լուրը երեկ է հայտնի դարձել, նրա մահվան ստույգ օրվա և պատճառի մասին տեղեկություններ դեռ չկան: