Բռնակցված Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը կայացրել է սեպտեմբերին նախատեսված Յալթայի միջազգային տնտեսական ֆորումն անորոշ ժամանակով հետաձգելու որոշում:
Այս տարվա մարտին նա հայտարարել է ֆորումը Մոսկվա տեղափոխելու մասին, նշելով, որ միջոցառմանը կմասնակցեն նաև Ռուսաստանի նոր սուբյեկտների՝ Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և և Խերսոնի ներկայացուցիչները: Այն ժամանակ նա իր որոշումը պատճառաբանել է «կազմակերպական որոշ հանգամանքներով»:
Յալթայի ֆորումն անցկացվում է 2015 թվականից: Ուկրաինան միջոցառումն ապօրինի է անվանում և օրինախախտ է համարում դրա բոլոր մասնակիցներին, քանի որ նրանք Ղրիմ մեկնելու համար Ուկրաինայի իշխանություններից թույլտվություն չեն ստացել:
Վերջին անգամ այդ միջոցառումը տեղի է ունեցել 2019 թվականին: 2020 թվականին այն չեղարկվել է կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ, իսկ անցյալ տարի չի կայացել ռուս-ուկրաինական պատերազմի բռնկման պատճառով։
Ուկրաինական անօդաչուները վերջին ժամանակաշրջանում պարբերաբար հարվածներ են հասցնում Ղրիմին: Սիմֆերոպոլի օդակայանը փակ է. իսկ Կերչի նեղուցով կառուցված կամուրջը նույնպես գրոհների է ենթարկվել:
Մոսկվայի կողմից Ղրիմի ղեկավար նշանակված Ակսյովովը, հավանաբար, այդ հանգամանքները հաշվի առնելով է ընդունել Յալթայի միջազգային տնտեսական ֆորումը հետաձգելու որոշումը: