Կամբոջայի վարչապետը 38 տարի աշխատելուց հետո պաշտոնը կփոխանցի որդուն

Կամբոջայի վարչապետ Հուն Սենը

Կամբոջայի վարչապետ Հուն Սենը հայտարարել է պաշտոնից հրաժարվելու և այն իր ավագ որդուն՝ Հուն Մանետին հանձնելու մտադրության մասին: Որդին թեկնածու առաջադրվել է Կամբոջայի իշխող ժողովրդական կուսակցությունից:

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ չեմ շարունակի աշխատել որպես վարչապետ, նոր կառավարությունը կգլխավորի Հուն Մանետը»,- ասել է Հուն Սենը ժողովրդին հասցեագրված հեռուստաուղերձում։

Հուն Սենը հայտնել է, որ նախատեսում է հաջորդ տարի կայանալիք ընտրություններից հետո գլխավորել Կամբոջայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը։

Հուլիսի 23-ին տեղի ունեցած Կամբոջայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի ընտրություններից հետո նոր կառավարության կազմը կհայտարարվի օգոստոսի 29-ին: Այդ ընտրությունների արդյունքներով Հուն Սենի առաջնորդած ժողովրդական կուսակցությունը ստացել է Ազգային ժողովի 125 տեղերից 120-ը։

Այս տարվա հունվարին կայացած արտահերթ համագումարում ժողովրդական կուսակցությունը հավանություն է տվել Կամբոջայի թագավորական զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ և ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հուն Մանետին վարչապետ նշանակելու առաջարկին:

Ներկայիս վարչապետ Հուն Սենը 38 տարի է ղեկավարում կառավարությունը: Օգոստոսին նա կդառնա 71 տարեկան:

Հուն Սենը վարչապետ է նշանակվել 1985 թվականի հունվարին: Այն ժամանակ նա 32 տարեկան էր և համարվել է աշխարհի ամենաերիտասարդ վարչապետը:

Նրա որդին՝ Հուն Մանետն, ով առաջիկայում կստանձնի Կամբոջայի վարչապետի պաշտոնը, հոկտեմբերին կդառնա 46 տարեկան: