Սերգեյ Շոյգուն մեկնել է Հյուսիսային Կորեա

Սերգեյ Շոյգուին զինվորական պատիվներով դիմավորում են օդակայանում, Փհենյան, 25 հուլիսի, 2023թ.

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեկ մեկնել է Հյուսիսային Կորեա: Պաշտպանական գերատեսչության հաղորդագրության համաձայն, այցի նպատակն է «ամրապնդել երկու երկրների ռազմական կապերը»:

Փհենյանի միջազգային օդակայանում Շոյգուին զինվորական պատիվներով դիմավորել են Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության բանակի գեներալ Կան Սուն Նամը և բարձրաստիճան այլ զինծառայողներ:

«Շոյգուի ղեկավարած պատվիրակությունը մասնակցելու է 1950-1953 թվականների ազատագրական պատերազմում {խոսքը Հյուսիսային և Հարավային Կորեայի պատերազմի մասին է} կորեական ժողովրդի հաղթանակի 70-ամյակի միջոցառումներին»,- ասվում է ՌԴ ՊՆ Տելեգրամ-ալիքում հրապարակված հաղորդագրությունում:

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո մի շարք արևմտյան երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, բազմիցս նշել են, որ Ռուսաստանի Հյուսիսային Կորեայից հրետանային արկեր և այլ զինամթերք, ինչպես նաև տեխնիկա է ստանում, քանի որ դրանց պաշարները Ռուսաստանում սպառվում են: Փհենյանը հերքել է այդ լուրերը:

Հյուսիսային Կորեան մեկն է այն երեք երկրներից, որոնք ի պաշտոնե ճանաչել են անցյալ տարվա աշնանը Մոսկվայի կողմից Ուկրաինայի չորս շրջանների բռնակցումը: Մյուս երկու պետություններն են Ռուսաստանը և Սիրիան: