Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Լեհաստանը պլանավորում է օկուպացնել Ուկրաինայի տարածքը։
«Ինչ վերաբերում է լեհ առաջնորդներին, ապա նրանք հավանաբար ակնկալում են ՆԱՏՕ-ի հովանու ներքո ինչ-որ կոալիցիա ստեղծել և ուղղակիորեն միջամտել Ուկրաինայի հակամարտությանը, որպեսզի հետո «պոկեն» իրենց համար մի յուղոտ կտոր և վերականգնեն, ինչպես իրենք են կարծում, իրենց պատմական տարածքները՝ այսօրվա Արևմտյան Ուկրաինան»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահն իր խոսքերը հաստատող որևէ փաստ չի վկայակոչել։
«Ներկայիս Լեհաստանի արևմտյան տարածքները Ստալինի նվերն է լեհերին, Վարշավայի մեր ընկերները մոռացե՞լ են այս մասին, մենք կհիշեցնենք»,- հավելել է Պուտինը։
Վարշավան դեռ չի մեկնաբանել Կրեմլի ղեկավարի հայտարարությունները։ Ավելի վաղ Պուտինը խորհրդային իշխանությունների «տարածքային նվերների» մասին պնդումներն օգտագործել է՝ արդարացնելու 2014 թվականին Ղրիմի բռնակցումը և անցյալ փետրվարին Ուկրաինա ներխուժումը: