Բաքվի կենտրոնում՝ Ադրբեջանի կառավարության շենքի առջև, այսօր բողոքի ակցիա են անցկացրել 44-օրյա պատերազմի մի քանի տասնյակ մասնակիցներ։ «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ նրանք երկրի իշխանություններից պահանջել են իրենց մարտական գործողությունների մասնակից ճանաչել, օժտել համապատասխան արտոնություններով և պարգևել շքանշաններով։
Բողոքի գործողության մասնակիցների պնդմամբ՝ իրենք նախկինում բազմիցս դիմել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, սակայն գերատեսչությունը հրաժարվել է նրանց պատերազմի մասնակցի կարգավիճակ շնորհել՝ պնդելով, որ 2020 թվականի աշնանը նրանք ծառայությունն իրականացրել են թիկունքային ստորաբաժանումներում։
Ցույցի մասնակիցները, սակայն, լրագրողներին ցույց են տվել զորամասերից ստացված տեղեկանքները, որոնք վկայում են իրենց՝ մարտական գործողություններին մասնակցության մասին։ Ակցիայի կազմակերպիչները նաև նշել են, որ այսօր կառավարության շենքի մոտ հիմնականում Բաքվի բնակիչներ են հավաքվել, քանի որ վետերանի կարգավիճակի սպասող շրջանների բնակիչներին ճնշումների են ենթարկել նմանատիպ նախորդ ակցիայից հետո, և ոստիկանները նրանց ստիպել են հրաժարվել ցույցերին մասնակցելու մտադրությունից։