Ադրբեջանցիների փաստաթղթերում հայկական տեղանուններն այլևս չեն հիշատակվի

Ադրբեջանի կառավարության էլեկտրոնային պորտալը, արխիվ

Հայաստանում ծնված ադրբեջանցիների փաստաթղթերում ծննդավայրերի անվանումներն այսուհետ նշվելու են՝ «հիմնվելով դրանց ադրբեջանական տեղանունների վրա»։ Այսօր նման որոշում է կայացրել Ադրբեջանի կառավարությունը՝ փոփոխություններ մտցնելով «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման կանոնակարգում»։

«Որոշման համաձայն՝ այսուհետ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման ընթացքում համապատասխան բաժիններն ու հյուպատոսական ծառայությունները ծննդյան, ամուսնության և մահվան վկայաններ տրամադրելու ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող տեղանունները նշելու են՝ հիմնվելով դրանց պատմական ադրբեջանական անվանումների վրա և հաշվի առնելով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացրած տեսակետը», - հաղորդում է APA գործակալությունը։