Ադրբեջանը չպետք է գործի ինքնիրավչության պայմաններում. Միրզոյանը՝ ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարին

Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ:

Հանդիպման ընթացքում, ըստ ՀՀ արտգործնախարարության, քննարկվել են տարածաշրջանային օրակարգի հարցեր, մտքեր են փոխանակվել ներկայիս մարտահրավերների պայմաններում ԵԱՀԿ գործունեության և դերակատարման շուրջ:

Ներկայացնելով տարածաշրջանում համապարփակ կայունության հաստատման՝ Հայաստանի տեսլականը՝ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը չպետք է գործի ինքնիրավչության պայմաններում: Շեշտվել է միջազգային մեխանիզմի ներքո ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման հրամայականը։

Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը, անտեսելով նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումները, շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքը: Նախարարը շեշտել է 21-րդ դարում Եվրոպայի հարևանությամբ հերթական հումանիտար աղետը և ԼՂ բնակչության էթնիկ զտումները կանխելու հարցում միջազգային դերակատարների գործուն քայլերի հրատապությունը՝ կարևորելով նաև ԵԱՀԿ մեխանիզմների և առկա գործիքակազմի արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լաչինի միջանցքի արգելափակման վերացման հարցում Հայաստանն ակնկալում է միջազգային դերակատարների գործուն քայլերը. Միրզոյան