Ադրբեջանի սահմանակից Դաղստանում մի քանի շաբաթ է` թեժ քննարկումներ են Ադրբեջանի նախկին առաջնորդ Հեյդար Ալիևի շուրջ: Իշխանությունները որոշել են Խորհրդային միության նախկին առաջնորդի, Ադրբեջանի նախկին նախագահի արձանը դնել մայրաքաղաք Մախաչկալայի կենտրոնում: Բնակիչները, մինչդեռ, դեմ են:
Սոցիալական ցանցերում շատերն են հարցնում` «հանուն ո՞ր սխրանքի, այդ ի՞նչ է արել Հեյդար Ալիևը մեր երկրի համար»:
Բանավեճը թափ հավաքեց օրեր առաջ, երբ քաղաքապետարանը սեփական տելեգրամի էջում հրապարակեց ու քվեարկության դրեց Հեյդար Ալիևիչի արձանի էսքիզները: Իշխանություններն առաջարկել էին ընտրել առաջին, կամ` երկրորդ տարբերակը, բոլորին դեմ քվեարկելու հնար, սակայն, չկար:
Բացը լրացնելու համար տեղական պարբերականներից մեկը սեփական, օնլայն քվեարկությունն էր կազմակերպել: Երեկվա դրությամբ դրան մասնակցել էր ավելի քան 14 հազար մարդ, որոնց գերակշռող մեծամասնությունը` 80 տոկոսից ավելին դեմ էին արտահայտվել Հեյդար Ալիևիչի հուշակոթողին, կողմ էր եղել միայն վեց տոկոսը:
«Այսպես կոչված քվեարկությամբ իշխանությունները ժողովրդավարության թոզ են փչում` չտալով ոչ իրական ընտրության հնարավորություն, ոչ էլ պատշաճ բացատրություն», - ասում է տեղի ակտիվիստներից Շամիդ Խադուլաևը, ընդգծելով, - «Մարդկանց տեղեկություն տվեք, որ հասկանան` այդ ի՞նչ տպավորիչ բան է արել Ալիևը Դաղստանի համար, որ հիմա որոշել եք արձանը տեղադրել ու նրա հիշատակը հավերժացնել: Հիմա որ երեխաները կամ` զբոսաշրջիկները հաևցնեն` ո՞ւմ հուշարձանն է սա, ի՞նչ ենք պատասխանելու»:
Հարևան երկրի առաջնորդի արձանը թող իրենց երկրում դնեն, սոցցանցերում գրել է Դաղստանի բնակիչներից մեկը, առանց այդ էլ քաղաքում այգի չի մնացել, շարունակում է Մախաչկալայում գործող «Քաղաքը մերն է» շարժման առաջնորդ Մադինա Իբրահիմովան:
Ի դեպ, յոթ տարի առաջ էլ Դաղստանում Հեյդար Ալիևի հոր` Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի պապու արձանն էին տեղադրել կիսախարխուլ մի փողոցում, որն, ըստ տեղի բնակիչների, հետագայում նորոգվել ու կառուցապատվել էր` Ադրբեջանի իշխանությունների փողերով:
Դաղստանի լեզգիական համայնքի ակտիվիստ Մուրադ Ռամիդինովիչը, մինչդեռ, վստահ է` Բաքուն ոչ թե բարեգործության համար է հարևան երկրում գումարներ շռայլում, այլ` հեռուն գնացող նպատակներով:
«Ադրբեջանը վաղուց է փորձում չանչը ձգել դեպի բազմազգ Դաղստան, դրա օրինակը Դերբենտն է, որտեղ Ադրբեջանի հետ սերտ կապեր ունեցողների նախաձեռնությամբ գլխավոր փողոցներից մեկը վերանվանվեց ի պատիվ Հեյդար Ալիևի: Նույն այդ Դերբենտում, որի վրա Բաքուն վաղուց է աչք դրել, ակտիվ բիզնես են անում Ադրբեջանից սերող գործարարները, որոնք Դերբենտի հետ ոչ մի կապ չունեն: Տեղի բնակիչները փաստում են, որ ադրբեջանական ազդեցությունը տարեցտարի ավելի է խորանում Հարավային Դաղստանում, և Ադրբեջանի հիմնական նպատակն է պոկել Դերբենտն ու ողջ հարավային Դաղստանը, այն ներկայացնելով որպես պատմականորեն իրեն պատկանող տարածք», - ասում է նա:
Լեզգի ակտիվիստը պատմում է` վերջերս Դերբենտի կենտրոնում` շատրվանների մոտ հնչող երաժշտության ցանկում անգամ երգ էր ներառվել Ադրբեջանի հանդեպ մեծ սիրո մասին. - «Տեղացիներից շատերն էին հետաքրքրվել` մենք դեռ Ռուսաստանի՞ կազմում ենք, թե՞ ինչ, վարչակազմից, արձագանքել էին` իրենք որևէ կապ չունեն, ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը»:
Թե ով է պատվիրել Հեյդար Ալիևի արձանի տեղադրումը, և որքան է վճարել` Մախաչկալայի իշխանությունները չեն հստակեցնում: