Ստեփանակերտում լրագրողի` բռնության ենթարկվելու դեպքով քրեական գործ մինչ այս պահը չի հարուցվել

Ներքին գործերի նախարարի ենթակաների կողմից Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում բռնության ենթարկվելու ու առևանգման փորձի մասին Civilnet-ի Արցախի թղթակցի հայտարարությունից ուղիղ մեկ շաբաթ է անցել։ Քրեական գործ, սակայն, մինչ այս պահը չի հարուցվել։ Գլխավոր դատախազությունն է դեռ քրեադատավարական ստուգում իրականացնում։

Լրագրող Հայկ Ղազարյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանն ասում է՝ այդ ստուգումը քրեական գործ հարուցել - չհարուցելու հիմք նախապատրաստելու համար է։ Սակայն, ըստ նրա, քրեական գործը պետք է հարուցվեր:

«Անգործություն են դրսևորում կապված հանցագործության բացահայտման ուղղությամբ: Հայկ Ղազարյանն անմիջապես դիմել է ոստիկանությանը, սակայն չեն ներկայացել դեպքի վայր: Պարզ է, որ Հայկ Ղազարյանը փաստորեն բռնության է ենթարկվել իր մասնագիտական գործունեության հետ կապված: Այն, որ այդ հաղորդումն ակնհայտ հանցագործության մասին հաղորդում էր ու նյութերի նախապատրաստման անհրաժեշտության չկար, սա բացահայտ է, պետք է քրեական գործը հարուցված լինի», - նշեց փաստաբանը:

Լրագրողն «Ազատությանը» պատմել էր, որ Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում իրեն բռնության ենթարկելու և ուժով մեքենան խցկելու փորձից առաջ լուսաբանել էր Արցախի ԱԱԾ-ի և դատախազության առջև տեղի ունեցած բողոքի ակցիաները: Ու երբ նկարահանել էր ակցիայի մասնակիցներից մեկի ու ոստիկանի բախումը, քրեական հետախուզության վարչության պետ Արայիկ Գասպարյանը, ըստ լրագրողի, խլել էր իր հեռախոսն ու ջնջել տեսանյութերը։ Իսկ դրանից հետո, ասում է, ԱԱԾ ղեկավար Արարատ Մելքումյանն է անձամբ իրեն հորդորել ուղիղ եթերով ներողություն խնդրել իրավապահներին վիրավորելու համար։ Լրագրողը հրաժարվել է ու պնդել՝ ինքը ոչ մեկին չի վիրավորել։

Հայկ Ղազարյանը մի քանի օր առաջ է բացատրություն տվել։ Իսկ դեպքի վայրի զննությունն իրականացվել է միայն այսօր, երբ միջադեպից օրեր են անցել։

Ամիսներ շարունակ Արցախի շրջափակումը գրեթե ամենօրյա ռեժիմով լուսաբանող լրագրողը հույս ունի, որ իր մասնագիտական գործունեությունը խոչընդոտած մարդիկ կպատժվեն։ Առայժմ չի շտապում գնահատականներ տալ:

«Կարծում եմ նաև, որ գործի բարդությունը նրանում է, որ անմիջապես ոստիկանության հետ գործ ունենք, նաև մի քիչ էլ ԱԱԾ-ի հետ գործ ունենք, բայց ես իրոք էս երկու օրը սպասում եմ, որ գործընթացն ավելի է արագանալու», - ասաց Հայկ Ղազարյանը:

Լրագրողի աղմկահարույց հայտարարություններից հետո Արցախում պաշտոնանկությունների մասին չի հայտարարվել։ Գործը քննող քննիչ Վարդան Միքայելյանն «Ազատությանը» փոխանցեց՝ առայժմ 3 մարդ է բացատրություն տվել՝ լրագրող Հայկ Ղազարյանը և այն երկու շարքային ոստիկանները, որոնց անունները նա նշել էր։

Թեև Civilnet-ի լրագրողն իր հայտարարություններում նաև Արցախի ԱԱԾ ղեկավար Արարատ Մելքումյանի ու ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի անուններն է տվել, այդուհանդերձ, քննիչն ասաց՝ լրագրողի ներկայացրած բացատրությունում չկա այնպիսի հանգամանք, որը հիմք կդառնար բարձրաստիճան այս պաշտոնյաներին բացատրության հրավիրելու։ Արցախի ԱԱԾ պետն ու ոստիկանապետն առայժմ հրապարակավ որևէ կերպ չեն անդրադարձել այս միջադեպին։

Լրագրողն ավելի վաղ «Ազատությանն» ասել էր՝ Արցախում ընդունված ձև է նման դեպքերում ասել, որ աշխատակիցն է փորձել անընդունելի վարքով հաճոյանալ ղեկավարներին։ Հույս ունի՝ այս անգամ գործն այդ ուղղությամբ չի գնա։