Ջուանշեր Բուրչուլաձե. «Վրաստանը մոտ ապագայում կսկսի անօդաչուներ արտադրել»

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձե, արխիվ

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն երեկ ասել է, որ Վրաստանը մոտ ապագայում կսկսի Լեհաստանի հետ համատեղ արտադրել մեծ քանակով մարտական անօդաչու թռչող սարքեր:

«Մենք ամբողջությամբ պատրաստել ենք անհրաժեշտ ենթակառուցվածքը, փորձնական թռիչքներ ենք իրականացրել, Լեհաստանից բերել ենք փորձնական նմուշները: Եթե ոչ առաջիկա օրերին, ապա օգոստոսին կամ սեպտեմբերին կսկսենք զանգվածային արտադրությունը», - «Իմեդի» հեռուստակայանի թղթակցի հետ զրույցում ասել է Վրաստանի պաշտպանության նախարարը:

Մարտական ԱԹՍ-ներ արտադրելու գաղափարը Վրաստանում սկսել են քննարկել 2021 թվականին: 2022-ի նոյեմբերին WB Electronics լեհական ընկերությունը և «Դելտա» վրացական ռազմագիտատեխնիկական կենտրոնը ստեղծել են «Դելտա-ՎԲ» համատեղ ձեռնարկությունը, որը պետք է ԱԹՍ-ներ արտադրի:

Այս տարվա հունվարին արտադրվել են Warmate տեսակի առաջին «կամիկաձե» և FlyEye տեսակի առաջին հետախուզական ԱԹՍ-ները:

Warmate-ը համարվում է թիրախային ոչնչացման բարձր արդյունավետություն և ճշգրտություն ունեցող անօդաչու, որը կարող է տարբեր մարտագլխիկներ կրել:

FlyEye-ն, ըստ փորձագետների, կարող է հետախուզական թռիչքներ կատարել բարդ օդերևութաբանական պայմաններում և հաղթահարել հակառակորդի ռադիոէլեկտրոնային համակարգերի ազդեցությունը: