Գյումրիում զբոսաշրջիկների հոսքն էականորեն նվազել է

Գյումրիի կենտրոնը, որտեղ նախորդ տարիների ամառային օրերին ասեղ գցելու տեղ չկար, այս տարի կիսադատարկ է։ Թեև պաշտոնական տվյալներ չկան, այդուհանդերձ, ըստ ոլորտում աշխատող ընկերությունների՝ նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկների հոսքը մոտ 70 տոկոսով նվազել է։ Անկումը զգացել են նաև հյուրանոցները, հյուրատներն ու թանգարանները։ Ինչո՞ւ է վերջին տարիներին տուրիստական կենտրոն դարձած Գյումրիում այցելուների թվի անկում գրանցվում։

«Թանգարանների թանկացումը, սննդի օբյեկտների, սննդի թանկացումը, տրանսպորտային ծախսի, վառելիքի թանկացումը, պահեստամասերի թանկացումը ինքնըստինքյան բերեց տրանսպորտային ծառայության թանկացման, հարկերի ավելացումը՝ ու ամբողջը եղավ, որ ինքնարժեք բարձրացավ», - «Ազատության» հետ զրույցում ասաց տուրիստական ընկերություններից մեկի տնօրեն Գոռ Թորոսյանը:

Ըստ նրա՝ գնաճի հետևանքով մարդիկ Գյումրի գալիս են առանց գիշերակացի՝ մեկ օրով։ Թորոսյանը խնդիր է համարում նաև Գյումրին որպես զբոսաշրջային կենտրոն ներկայացնելու պետության մոտեցումը. - «Յոթ Վերք եկեղեցին ներկայացվում է որպես Պլպլան Ժամ՝ գյումրեցի գիդի կողմից: Սև բերդը, որը Գյումրու այցեքարտերից մեկն է, հրաշալի կառույց է ու վերանորոգումից հետո շատ մեծ հոսք ապահովեց նաև Սև բերդը քաղաք, գիդի կողմից ներկայացվում է Արշակունիների ձմեռանոց: Այսինքն՝ պետությունը չունի վերահսկողություն»:

Տուրիստական մեկ այլ ընկերության մենեջեր Լիզա Գասպարյանը ևս նկատել է զբոսաշրջիկների թվի կտրուկ անկումը։ Եղանակային պայմաններից բացի նվազման պատճառ է համարում նաև Գյումրին զբոսաշրջիկների համար ավելի հետաքրքիր դարձնելու խնդիրը։

«Պատմական միջուկի չորս, հինգ, վեց փողոցը որ կա՝ մենք դրանով շատ երկար չենք կարողանում տուրիզմ վաճառել, այսպես ասած: Ես պարբերաբար հորդորել եմ բոլոր այն ներդրողներին, ովքեր գումար ունեն և զգում են, որ զբոսաշրջային առումով ակտիվ է Գյումրին, որևէ ձևով ներդրում անեն: Կարիք չկա անընդհատ այդ ներդրումը անել անշարժ գույքի շուկայում՝ բոլորը միանման, միատեսակ, նույն դիզայնով, նույն տեսքով, գրեթե նույն անուններով հյուրատներ և հյուրանոցներ բացեն: Մենք պիտի մտածենք շատ հետաքրքիր, տարբերվող մտքով ինչ-որ պրոդուկտներ, որոնք Գյումրին պարբերաբար կպահեն պահանջված, կանչող քաղաքների ցանկում», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Գասպարյանը:


Հանգստյան օրով Գյումրիի կենտրոնում մի քանի ժամ շրջելուց հետո տուրիստական խմբերի հանդիպեցինք, բայց նախկինի պես շատ չեն ու հիմնականում մեկ օրով էին եկել։

Վերջին տարիներին ամառային շրջանում Գյումրիի որոշ թանգարաններում կարելի էր հերթեր հանդիպել, այդ թվում՝ Շիրազի թանգարանում։ Հիմա էլ թեև այցելուներ կան, բայց՝ զգալիորեն քիչ։ Թանգարանի տնօրեն Արա Պապանյանը ևս փաստում է՝ այցելուների թվի նվազում ունեն։

«Սեպտեմբերի 15-ից հետո է մեր մոտ հոսքը շատանալու՝ մինչև հոկտեմբեր, այնուհետև էլի նվազելու է՝ վիճակագրությունը դա է փաստում», - «Ազատությանը» ասաց Պապանյանը:

Հյուրանոցային և ռեստորանային ոլորտում աշխատող Վարդան Սրտաշյանի կարծիքով՝ պետք է Գյումրիում ավելի շատ պետական մակարդակով անցկացվող միջոցառումներ լինեն մարդկանց հոսքն ապահովելու համար։

«Քաղաքի գրավչությունը կարելի է բարձրացնել մշակութային միջոցառումներով, ժամանցային միջոցառումներով, ֆորումներով, սիմպոզիումներով, և այլնով, և այլնով, համերգներով, որի պատասխանատուն պետք է լինի հիմնականում համայնքապետարանը, տեղի ներկայացուցիչները և ինչու չէ՝ նաև տուրիզմի զարգացմամբ զբաղվող հայաստանյան կառույցները: Դե վերջիններս առանձնապես ոչինչ չեն անում, կամ անում են ոչ բավարար չափով՝ ես չեմ մեղադրում, ուղղակի երևի ռեսուրսներն ու հնարավորություններն էլ բավարար չեն, որպեսզի էդ խնդիրը լուծվի, մնում է համայնքապետարանը: Համայնքապետարանն էլ իր սուղ բյուջեով հազիվ փորձում է քաղաքի կենցաղային խնդիրները լուծել: Եվ կարծես խնդիրը չի լուծվում, և այս տարի ունենք ներքին տուրիզմի հետնահանջ Գյումրիում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սրտաշյանը:

Նա նաև աշխարհում կիրառվող առաջարկ ունի. - «Աշխարհում վաղուց կա ընդունված city tax` քաղաքային հարկ հարկատեսակ, երբ ընդհանուր պետական բյուջե գնացող հարկերից որոշակի մասը տուրիստական հոսքերով զբաղվող կազմակերպություններն ուղղում են տեղական ինքնակառավարման մարմինների բյուջե: Եվ եթե տեղական բյուջեն տեսնի, որ համալրումներ է ստանում տուրիստական հոսքերից, հետևաբար՝ պետք է շահագրգռված լինի, որպեսզի քաղաքում իրականացնի այդ ֆորումները, սիմպոզիումները, և այլն, և այլն»:

Չնայած զբոսաշրջիկների թվի անկմանը՝ Գյումրիի պատմական շենքերում շարունակում են մեկը մյուսի հետևից հյուրանոցներ ու հյուրատներ բացվել։