Լիսաբոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Պորտուգալիայի ԱԳ նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուն քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր:
Արարատ Միրզոյանն իր պորտուգալացի գործընկերոջը ներկայացրել է իրավիճակը Հարավային Կովկասում, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, Լեռնային Ղարաբաղում առկա անվտանգային և մարդասիրական լուրջ մարտահրավերները, հայտնում են ԱԳՆ-ից։
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից արդեն 7 ամսից ավելի Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամը չեն նպաստում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերին: Նա շեշտել է նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումներն ի կատար ածելու, ԼՂ շրջափակումը վերացնելու և Ադրբեջանի կողմից էթնիկ զտումները կանխելու հրամայականը՝ կարևորելով միջազգային դերակատարների հստակ գործողությունները, ասված է հաղորդագրության մեջ։
Պորտուգալիայի Ասամբլեայի նախագահ Աուգուշտու Սանտուշ Սիլվայի հետ հանդիպմանը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը: