Վիտալի Բալասանյանը կշարունակի մնալ անազատության մեջ. դատարանը մերժեց բողոքը

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը կշարունակի մնալ անազատության մեջ։ Ստեփանակերտի դատարանը մերժել է նրա փաստաբանի բողոքը ձերբակալման իրավաչափության վերաբերյալ։ Բալասանյանն՝ ինքը նիստին չի մասնակցել։

Երեկ ուշ երեկոյան Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները, ըստ փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանի, մտել են Բալասանյանի Ասկերանում գտնվող տուն ու խուզարկություն սկսել։ Փաստաբանի խոսքով՝ իրավապահները նրա որդու հետևից են եկել, բայց հետո ձերբակալվել են Բալասանյանն՝ ինքը, որդին, եղբայրը և քեռորդին. - «Պարոն Բալասանյանն իրավաչափ պահանջ է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայությանը։ Նա պահանջ է ներկայացրել դատարանի թույլտվության մասին։ Եթե դատարանի թույլտվությունը չկա, ապա գործում են հետախուզության մասին օրենքի պահանջները, և որի մեջ առկա են իրավական այնպիսի ռեժիմներ, որոնց պայմաններում միայն կարող է խուզարկություն կատարվել»։

Ենթադրվում է, որ Բալասանյանը դիմադրել է, փաստաթուղթ է պահանջել։ Նա ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու քրեական հոդվածով։ Փաստաբանը պնդում է՝ իր պաշտպանյալը մարմնական վնասվածքներ, կապտուկներ ունի մեջքի, կրծքավանդակի, ձեռքերի շրջանում։ Ձերբակալման վայրում էլ գիշերը նրա սիրտն է վատացել, հետազոտվել է Ստեփանակերտի հիվանդանոցում։

Արցախի իրավապահները առայժմ որևէ տեղեկատվություն չեն տրամադրել գեներալ Բալասանյանի շուրջ ծավալվող այս քրեական պատմության մասին, բայց դատախազությունը ներկայացրել է, թե ինչու են գնացել նրա որդու հետևից։

«Ասկերան քաղաքի բնակիչ Ա. Բ.-ին նպատակային փոխառության պայմանագրով տրամադրվել է 74 միլիոն հինգ հարյուր հազար դրամ փոխառություն՝ մեղվաընտանիքներ ձեռք բերելու նպատակով, սակայն տրամադրված գումարը օգտագործվել է ոչ նպատակային», - ասված է հաղորդագրության մեջ:

Բալասանյանների պաշտպանը պնդում է՝ 74 միլիոնի փոխարեն ավելի քան 300 միլիոնի ծրագիր է իրականացրել Բալասանյանի որդին։ Արցախի տարածքում այդ գումարով նոր մեղվաընտանքիներ են ձևավորվել, վարկը ոչ նպատակային օգտագործելու կասկածանքը անհիմն է համարում. - «Այդ վարկային նպատակը, արդյունավետությունն ակնհայտ են»։

Ընդ որում, փաստաբանը շեշտում է, բացառիկ որակի մեղր են տալիս հիմնադրամի վարկավորած մեղուները։ Թե որ համայնքներում են փեթակները, փաստաբանը հիշեց միայն Հաթերք գյուղը։ Այդ գյուղից, սակայն, ասում են՝ նոր փեթակներից ու նոր որակի մեղրից տեղյակ չեն, գյուղի հին մեղվապահներն են իրենց գործին։ Բալասանյանի որդին ու եղբայրն արդեն ազատության մեջ են, թե նրանց և թե Վիտալի Բալասանյանին մեղադրանք չի առաջադրվել։

Արցախի «Արդարություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանն այս իրավիճակն անհասականալի է համարում։ Երեկ, երբ Բալասանյանը ձերբակալվեց, ակտիվ տեղեկատվություն էր շրջանառվում, թե դա կապ ունի այսօր Արցախում հրավիրված ցույցի հետ։ Պատգամավորն իր կուսակիցների հետ մասնակցել էր ցույցին։

«Այսօրվա ուղղվածությունը, այն բոլոր գործողությունները, որ կատարվում էին, կամ կոչերը, կարծես թե, հակառուսական ինչ-որ բաների ցուցադրություն լիներ։ Նաև շատ-շատերը գիտեն պարոն Բալասանյանի ուղղվածությունը դեպի ռուսական կողմը», - ասաց նա։


Մետաքսե Հակոբյանը վստահ չէ, թե սա քաղաքական ձերբակալություն է, բայց ընդգծում է՝ Արցախում այժմ գործընթացներ են ընթանում, որոնք փակ են։ Ըստ նրա՝ կան ուժեր, որ կառավարվում են Հայաստանից. - «Այն ուժերը, որոնք միշտ թիրախավորել են և ոչ միայն պարոն Բալասանյանին, այլ հերոսների ևս, դրանք հստակ կապ ունեն Հայաստանի իշխանությունների հետ և ուղղորդվում են Հայաստանի իշխանություններից»։


Վիտալի Բալասանյանին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի, ապա նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնում բազմիցս քննադատում էր Տիգրան Պետրոսյանը, որ ամիսներ առաջ նշանակվեց Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի ղեկավարի պաշտոնում՝ ասելով. - «Վիտոն դեռ պիտի պատասխան տա, Վիտալի Բալասանյանը տոննայով բենզին է բերել, դա ճի՞շտ է»։

44-օրյա պատերազմից հետո Վիտալի Բալասանյանն էր ռուս խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության հարցերը համակարգում, նաև բանակցում ադրբեջանական կողմի հետ։