Դուդա. «Հարձակման ենթարկվելու վտանգի դեպքում ՆԱՏՕ-ն 100 հազարանոց զորք կուղարկի Լեհաստան»

Վերևի շարքում ձախից առաջինը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան է, Վիլնյուս, 11 հուլիսի, 2023թ.

Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն ընդունել է գործողությունների ծրագիր, որի համաձայն, Լեհաստան կուղարկվի 100 հազար զինվոր այն դեպքում, եթե այդ երկիրը հայտնվի հարձակման ենթարկվելու վտանգի տակ:

Այդ մասին հուլիսի 12-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո լեհական հեռուստատեսության թղթակցի հետ զրույցում ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։ Նրա փոխանցմամբ, ՆԱՏՕ-ն նաև զինապահեստներ կտեղակայի Լեհաստանի տարածքում:

«Ես կասեմ, թե ինչ կլինի, եթե [Բելառուսի տարածքից] հարձակման ենթարկվի Բրեստի դարպասը: Եթե, օրինակ, նման բան պատահի, ՆԱՏՕ-ն պաշտպանությունն ապահովելու համար անհապաղ Լեհաստան կուղարկի 100 հազար զինծառայողներ»,- ասել է Դուդան:

Նրա խոսքով, այդ մեխանիզմը ներառվել է ՆԱՏՕ-ի պաշտպանական ծրագրերում: Այսօրվա դրությամբ Լեհաստանում տեղակայված են Հյուսիսատլանտյան դաշինքի մոտ 10 հազար զինծառայողներ, որոնց մեծ մասը Միացյալ Նահանգներից է: