Պուտինի հավատարիմ աջակիցը համարվող Իսինբաևան տեղափոխվել է Իսպանիա

Օլիմպիական չեմպիոն Ելենա Իսինբաևան և նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ

Աթլետիկայի կրկնակի օլիմպիական չեմպիոն Ելենա Իսինբաևան, ով համարվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հավատարիմ աջակիցը, տեղափոխվել է Իսպանիա:

El Digital Sur պարբերականի փոխանցմամբ, Իսինբաևան այժմ բնակվում է Տեներիֆեում, որը Կանարյան արշիպելագի ամենախոշոր կղզին է: Իսինբաևան այնտեղ ապրում է «շքեղ դղյակում, որտեղ զուսպ կեցվածք է դրսևորում»:

Իսինբաևան ձողացատկորդ է, 28 համաշխարհային ռեկորդների հեղինակ: Նա 2012 թվականի նախագահական ընտրություններում եղել է Վլադիմիր Պուտինի վստահված անձը:

2020 թվականի հունվարին Իսինբաևան ընդգրկվել է սահմանադրական լրամշակումների աշխատանքային խմբում: Այդ փոփոխություններով զրոյացվել են Պուտինի նախագահական նախորդ ժամկետներն, ինչը նրան ընձեռել է նորից առաջադրվելու հնարավորություն: Վլադիմիր Պուտինը լրամշակված սահմանադրությամբ կարող է իշխանության գլուխ մնալ մինչև 2036 թվականը:

2015 թվականին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Իսինբաևային մայորի կոչում է շնորհել:

2023 թվականին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իսինբաևայի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմանը սատարելու համար: