Երեկ, օր ցերեկով, Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում, որտեղ գտնվում է նաև կառավարության շենքը, բռնության է ենթարկվել Արցախում Սիվիլնեթի լրագրող Հայկ Ղազարյանը։
Ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում լրագրողն ասում է՝ իրեն բռնությամբ մեքենան խցկելու փորձ անողներից երկուսն Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի ենթականերն են. - «Մեկի անունը Վրեժ ա։ Էն մեկն էլ գիտեմ, երկուսն էլ Կարեն Սարգսյանի աշխատակազմից են։ Պարոն Սարգսյան, էս փաստորեն լրագրող եք ծեծում, հա՞... Ամեն ինչ օրինականության դաշտում ա լինելու։ Սե՞նց են անում, պարոն նախագահ, Ղարաբաղ ցեղասպանությունից հինգ ա պակաս, իրանք մարդ են վախացնում, հա՞»։
Այս միջադեպից օրեր առաջ լրագրողը լուսաբանել էր Արցախի ԱԱԾ-ի և դատախազության առջև տեղի ունեցած բողոքի ակցիաները, որտեղ փաստաբանները հայտարարել էին, որ անազատության մեջ գտնվող իրենց վստահորդի նկատմամբ բռնություն է գործադրվել, իրենց էլ արգելում են տեսակցել նրան։
Սիվիլնեթի լրագրողը նկահարանել էր նաև դատախազության առջև փաստաբանների ու ոստիկաններից մեկի բախումը, այդ ընթացքում, ըստ լրագրողի, Քրեական հետախուզության վարչության պետ Արայիկ Գասպարյանը խլել է իր հեռախոսն ու ջնջել տեսանյութերը։
Սիվիլնեթի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանն «Ազատությանն» ասաց, որ անմիջապես հայտարարություն են տարածել՝ հորդորելով Արցախի ուժայիններին չխոչընդոտել լրագրողի աշխատանքը, բայց դրանից հետո ճնշումներն ավելի են սաստկացել. - «Ես հույս ունեի, որ այդ հայտարարությունից հետո կհանդարտվի իրավիճակը, որովհետև իրենք էլ կհասկանան, որ Արցախի էսօրվա պայմաններում չի կարելի նման ինտրիգների գնալ, լրագրողներին ճնշել, հատկապես էն լրագրողներին, որոնք որ այսօր իսկապես տիտանական աշխատանք են կատարում՝ շրջափակված Արցախի խնդիրը աշխարհին ներկայացնելու։ Գնալ էս պայմաններում լրագրողի հետևից, ճնշել, կարծում եմ, որ պետության դեմ է»։
Այդ հայտարարությունից հետո, Հայկ Ղազարյանի խոսքով, իրեն հրավիրել են ԱԱԾ ղեկավար Արարատ Մելքումյան հետ հանդիպման։ Վերջինս հորդորել է ուղիղ եթերով ներողություն խնդրել իրավապաներին վիրավորելու համար։ Լրագրողը հրաժարվել է կատարել այդ պահանջը՝ պնդելով, որ ինքը ոչ մեկին չի վիրավերել։ Արդեն փաստաբանի գրասենյակից տուն վերադառնալիս, կառավարության շենքին շատ մոտ, Ստեփանակերտի գլխավոր փողոցների մեկում, ըստ լրագրողի, 2-3 մարդ հարձակվել է իր վրա և հարվածներ հասցնելով, ծնողներին ուղղված սեռական բնույթի հայհոյանքներ ուղղելով փորձել են մեքենան խցկել. - «Քարշ էին տալիս, գրկած տանում էին։ Ոտերով- բանով որ դիմադրեցի, գոռացի-մոռացի, գցեցին ինձ։ Մեկը քացով ա խփել։ Հետո մարդիկ հավաքվեցին։ Տեսան, որ չստացվեց, դրանցից մեկը քթիս խփեց, ցուցադրական։ Նստեց ավտոն... հետո փողոցի մյուս կողմում տեսա, որ չեն էլ փախնում։ Զանգեցի ոստիկանություն, հետո ասում եմ՝ արա, էս ոստիկանությունն ա էս գործողությունը անողը, էլ ոստիկանություն ի՞նչ զանգեմ»։
Տեղի ունեցածը դատապարտել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը՝ պահանջելով իրավապահ մարմիններին բացահայտել ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց և պատասխանատվության ենթարկել։ Արցախի իշխանություններից նույն պահանջն ունեն նաև լրագրողն ու Սիվիլնեթի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը։ Դատապարտող հայտարարություն են տարածել նաև Արցախի ու Հայաստանի լրագրողական 10 կազմակերպություններ։
«Եթե Հայկ Ղազարյանի գլխից մի մազ պակասի, ապա մե՛զ հետ եք գործ ունենալու». սա էլ «Ստեփանակերտի մամուլի ակումբի» նախագահ Գեղամ Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումն է։ - «Հիմա, երբ արցախահայության գլխին դամոկլյան սրի պես կախված է արտաքին մահացու վտանգը, յուրաքանչյուր մարդ պիտի իբր գնահատելի լինի։ Չեմ հասկանում ինչպես կարելի ա էսպես վարվել։ Ո՞ւմ օրակարգն է սա, ո՞ւմ է պետք սա։ Հաստատ ոչ երկրին։ Լրագրողի աշխատանքին խոչընդոտելը անհանդուրժելի պիտի լինի հանրության համար։ Եվ ես շատ ուրախ եմ, որ Արցախում անմիջապես բազմաթիվ մարդիկ հրապարակայնորեն իրենց բողոքի ձայնը բարձրացրին։ Վախի մթնոլորտ չլինի։ Որովհետև եթե եղավ, հաջորդի վիճակը շատ ավելի վատ է լինելու»։
Ծեծի ենթարկված լրագրողն ասում է՝ Արցախում ընդունված ձև է այսպիսի դեպքերում ասել, որ աշխատակիցն է փորձել անընդունելի այդօրինակ վարքով հաճոյանալ ղեկավարներին։ Զգուշացնում է՝ այս անգամ էլ գործն այդ ուղղությամբ չտանել։
Հայկ Ղազարյանը հենց երեկ էլ հաղորդում է ներկայացրել Արցախի գլխավոր դատախազություն։ Մինչև այս պահը պարզ չէ, արդյո՞ք քրեական գործ հարուցվել է։ «Ազատության» զանգերն անպատասխան թողեցին Արցախի ներքին գործերի, գլխավոր դատախազության, քննչական կոմիտեի ու անգամ նախաագահ Արայիկ Հարությունյանի մամուլի պատասխանատուները։
Մեզ չհաջողվեց նաև ծեծված լրագրողի նշած պաշտոնյաներից արձագանք ստանալ։ Դեպքի վերաբերյալ որևէ տող չկա նաև իրավապահ այս կառույցների ֆեյսբուքյան էջերում և պաշտոնական կայքերում։