Մերձավոր Արևելքում մեկդարյա գեղարվեստական էվոլյուցիայից հետո Երուսաղեմի հայերի նշանավոր կերամիկական արվեստը շուտով կարող է առաջին անգամ արտադրվել Հայաստանում։
ԵՐՈՒՍԱՂԵՄ - Սա աշխարհի հնագույն իսլամական սրբավայրն է, որը կառուցվել է հուդայականության ամենասուրբ վայրում: Բայց 1919 թվականին, երբ Ժայռի գմբեթի սալիկները սկսեցին պոկվել, քրիստոնյա հայերն էին, որ ձեռնամուխ եղան վերանորոգմանը։
Պաղեստինի բրիտանացի կառավարիչները այն ժամանակ օգնության խնդրանքով դիմել են հայ արհեստավորներին, որոնք Մերձավոր Արևելք էին հասել՝ փրկվելով Հայոց ցեղասպանությունից:
Հայերը հմտություններ ու փորձառություն ունեին կերամիկական արվեստում, սակայն, համագործակցությունը երկար չշարունակվեց․ նախ խնդիրներ առաջացան ֆինանսավորման հետ, հետո էլ բողոքներ եղան, թե ինչու են քրիստոնյաներն աշխատում իսլամական սրբավայրի նորոգման վրա:
Հայերը, սակայն, անգործ չմնացին՝ 1922 թվականին Երուսաղեմում հիմնելով երկու առանձին արհեստանոցներ, որոնք մասնագիտացած էին սալիկների և խեցեգործության մեջ: Թուրքական կոտորածները վերապրածները աստիճանաբար զարգացրեցին իրենց ինքնուրույն գեղարվեստական ոճը՝ զերծ այն սահմանափակումներից, որոնց բախվում էին Օսմանյան տիրապետության ներքո: Հայ արվեստագետների հռչակը տարածվեց Երուսաղեմի սահմաններից դուրս:
Այսօր այդ արհեստանոցների յուրօրինակ գործերը որպես նվեր են մատուցվում թագավորական ընտանիքներին, բարձրաստիճան պատվիրակություններին ու նախագահներին, ինչպես նաև արտահանվում աշխարհով մեկ:
1992 թվականին Վաշինգտոնի Սմիթսոնյան թանգարանը նաև հատուկ, մեկամսյա ցուցադրություն էր կազմակերպել՝ «Հայկական կերամիկա Երուսաղեմից»։ Աշխարհահռչակ մի քանի այլ թանգարաններ, այդ թվում՝ բրիտանական Վիկտորիա և Ալբերտ թանգարանը նույնպես ունեն Երուսաղեմի հայկական խեցեղենի օրինակներ։
«Արվեստի այս տեսակը դարձել է Երուսաղեմի խորհրդանիշը», - «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին ասաց Սետրագ Բալյանը՝ ընտանիքին պատկանող "Balian Armenian Ceramics of Jerusalem" գործարանում, որը հիմնել է նրա մեծ պապը Հայոց ցեղասպանությունից հետո։
Բալյանը պնդում է, թե իր տատը՝ Մարին է Երուսաղեմի խեցեղենի հետ աշխատելու արվեստը հասցրել այնպիսի մակարդակի, որ «կարելի է գրեթե լսել քամին, լսել ջրի հոսքը»։
Բալյանների գործարանը Երուսաղեմում անընդմեջ գործող ամենահին ձեռնարկություններից է, ընդ որում, ընտանիքն այժմ իր աշխատանքի մեծ մասն արտահանում է Միացյալ Նահանգներ: Երուսաղեմում պատրաստված կապույտ և սպիտակ սալիկները, որպես կանոն, շատ հաճախ են զարդարում Կալիֆորնիայի ճոխ լողավազանները:
Այժմ Բալյանների ընտանիքը պատրաստվում է դառնալ երուսաղեմահայ խեցեղենագործներից առաջինը, որ «կվերադառնա» Հայաստան։ Բալյանը հրաժարվում է կոնկրետ ժամկետներ նշելուց, սակայն ասում է, որ ընտանիքը «գործարան, թանգարան և սրճարան բոլորը մեկում» պլանավորելու փուլում է։ Մտադիր են նոր գործը դնել Աշտարակում։