ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից լրացուցիչ ջրառ թույլատրող օրինագիծը

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից լրացուցիչ ջրառ թույլատրող օրինագիծը։ Լճի մասին գործող օրենքով տարեկան ջրառը չպետք է գերազանցի 170 մլն խորանարդ մետրը, իսկ փոփոխությունով կառավարությունն առաջարկում է այս տարի թույլ տալ 240 մլն խորանարդ մետր ջրառ։

Գործադիրը հիմանվորում է՝ անցյալ՝ 2022-ի համեմատ ավելացել է ոռոգման ջրի պահանջը, ջրամբարները կիսատ են լցված, գետերը պակաս ջրառատ են, իսկ Սևանից ջրառը անցյալ տարվա համեմատ 20 օր շուտ է սկսվել։

«2002 թվականից մենք ունենք տվյալները Սևանա լճից ջրի բացթողումների մասին ոռոգման նպատակով, եթե դրանք կորելացնում ենք ջրամբարներում ջրի հավաքվածության աստիճանի և գետերում ջրաթողության հետ, ապա այս տարին ընկնում է այն տարիների շարքի մեջ, որոնց պարագայում մենք լրացուցիչ ջրառ ենք իրականացրել», - ասաց հարցը զեկուցող տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը։

Նա ներկայացրեց, որ լրացուցիչ ջրառ 2002 թվականից ի վեր եղել է 2008, 2012, 2014, 2017, 2018 և 2021 թվականներին։ Ազգային ժողովում քննարկման ժամանակ ջրառին դեմ էին արտահայտվում ընդդիմադիրները, մտահոգ էին նաև իշխող խմբակցության պատգամավորները։ Արդյոք հնարավո՞ր չէր ջրերի ճիշտ կառավարման միջոցով խուսափել լրացուցիչ ջրառից։

«Երկարաժամկետում խնդրի լուծումը պետք է լինի մեր գյուղատնտեսության և ընդհանրապես ջրի օգտագործման ամբողջ հայեցակարգային փոփոխությունը, որովհետև գաղտնիք չէ, որ մեր երկրի գյուղատնտեսությունը և ոռոգման համակարգը կառուցված են և ձևավորված են մի տրամաբանության մեջ, որն այսօրվա իրականության հետ առանձնապես մեծ թղթակցում չունի», - նշեց նա։

2019 թվականին կառավարությունը փոփոխություններ էր արել Սևանի մասին օրենքում, որով 170 միլիոն խորանարդ մետրը սահմանվել էր որպես լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ։

«Քաղաքացիական պայմանագիրն» այն ժամանակ հայտարարում էր, որ այս քայլին գնում են Սևանը պահպանելու ու ջրառը բարդացնելու համար։ Ընդդիմադիրներն այսօր հիշեցնում էին նաև այդ հայտարարությունները։

«Հպարտորեն արտահայտում եք, որ այսուհետ Սևանում արգելվելու է ջրի բացթողումը, եթե 170 միլիոնը պետք է գերազանցվի, և եթե Սևանի հաշվեկշիռը բացասական է։ Թե հունիսի 29-ին, երբ կառավարությունը ընդունում էր այդ որոշումը, թե այսօր Սևանի հաշվեկշիռը բացասական է։ Երեկվա դրությամբ 1956 մետր է, այսինքն՝ 56 սմ, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համար՝ մինուս 15 սմ», - ասաց Մինասյանը։

Փոխնախարարը հիշեցրեց՝ որոշ տարիների ստիպված են լինում գնալ այդ քայլին՝ ակնարկելով, որ Արծվիկ Մինասյանը խնդրին ծանոթ է։ Ընդ որում, Արծվիկ Մինասյանը կառավարության անդամ էր նաև 2018 թվականին, երբ Սևանից լրացուցիչ ջրառ կատարվել է. - «Այս դեպքում այլընտրանքը, գոնե Դուք շատ լավ տիրապետում եք խնդրին, երկուսն են՝ Սևան-Հրազդանյան կասկադի տակ, դրանք մեկը խորքային հորերն են, որոնք նույնպես անսպառ ռեսուրս չեն, հլը թողնենք, որ իրենք էլ պրոբլեմատիկ են»։

2018 թվականին Սևանի մասին օրենքը փոփոխել ենք ոչ թե ջրառն արգելելու, այլ լրացուցիչ ջրառի դեպքում հարցը Ազգային ժողովում քննարկելու համար, պնդեց պատգամավոր Գևորգ Պապոյանը. - «Հասկանում եմ, որ բարդ ու դժվար բան է, ինձ համար էլ է, իհարկե, քվեարկել, բայց միևնույն ժամանակ ես չեմ կարող, մենք չենք կարող այդ 600 հազար քաղաքացիներին թողնել անջուր, իսկ օրենքն ինչու ենք փոխում, այո, փոխում ենք, օրենքում գրած է, որ 170-ից ավելի չի կարելի, հիմա փոխում ենք, որ այս տարի կարողանանք 170-ից ավելի անենք։ Դե որ կարելի լիներ, չէին գա, հասնի այստեղ»։

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 64 կողմ ու 20 դեմ ձայներով։