Փոխադարձ մեղադրանքներից հետո, ի վերջո, Անկարան և Ստոկհոլմը ընդհանուր հայտարարի եկան

Մոտ մեկ տարի տևած ծանր բանակցություններից, փոխադարձ մեղադրանքներից հետո, ի վերջո, Անկարան և Ստոկհոլմը ընդհանուր հայտարարի եկան ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հարցում․ այս մասին երեկ ուշ երեկոյան հայտարարեց Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ եռակողմ հանդիպման ավարտին։

«Ես ուրախությամբ ազդարարում եմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքում նախագահ Էրդողանը համաձայնել է հնարավորինս սեղմ ժամկետներում Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության մասին արձանագրությունը վավերացման նպատակով ուղարկել Թուրքիայի ազգային մեծ ժողով։ Նա նաև համաձայնել է սերտորեն աշխատել թուրքական խորհրդարանի անդամների հետ՝ արձանագրության վավերացումն ապահովելու նպատակով», - ասել է նա։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բանակցությունների ընթացքի մասին մանրամասներ չի հայտնել, հստակ չէ՝ ինչ գնով է փոխել իր կոշտ դիրքորոշումը նախագահ Էրդողանը, որը եռակողմ այդ բանակցություններից ժամեր առաջ նորանոր պահանջներ էր առաջ քաշում։

«Նախ բացեք Թուրքիայի ճանապարհը դեպի Եվրոպական միություն, իսկ դրանից հետո մենք, մեր հերթին, կբացենք Շվեդիայի ճանապարհը դեպի ՆԱՏՕ` այնպես, ինչպես արել ենք Ֆինլանդիայի պարագայում», - ասել էր նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վիլնյուսում մեկնարկեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

Վիլնյուս մեկնելուց առաջ Թուրքիայի առաջնորդի հնչեցրած անսպասելի այս պահանջի կոշտ արձագանքը չուշացավ։ Արևմտյան գործընկերները ի պատասխան հայտարարեցին, թե Եվրամիության անդամակցությունը ենթադրում է վաղուց սահմանված և հստակեցված քայլերի հաջորդականություն, որոնք որևէ ընդհանրություն չունեն ՆԱՏՕ-ի ներքին հարցերի հետ։

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնն, իր հերթին, երեկ հատուկ ընդգծում էր՝ Թուրքիայի դիրքորոշման փոփոխությանը Ստոկհոլմը կարողացել է հասնել «առանց հավելյալ զիջումների»։

ՆԱՏՕ-ի անդամակցության ճանապարհին սկանդինավյան այդ պետությունը արդեն մի շարք աննախադեպ որոշումներ է կայացրել՝ բավարարելու Անկարայի պահանջները, վերացրել է Թուրքիա զենքի արտահանման էմբարգոն, Անկարային է արտահանձնել Էրդողանի ընդդիմախոսին, փոխել է ահաբեկչության մասին օրենսդրությունը։ Ստոկհոլմին ներկայացված պահանջներից բացի, Անկարան Շվեդիայի անդամակցության հայտը հաստատելու դիմաց ակնկարկում էր նաև ռազմական դաշինքի առաջատար անդամ Վաշինգտոնի հետ ունեցած կնճռոտ հարցերի լուծման անհրաժեշտության մասին։

Խոսքը, մասնավորապես, ամերիկյան արտադրության F-16 կործանիչների ձեռքբերման և թուրքական բանակի զինանոցում արդեն իսկ առկա օդանավերի արդիականացման խնդրի մասին է։ Հարցը Վաշինգտոնի և Անկարայի միջև վերջին տարիներին ի հայտ եկած առանցքային տարաձայնություններից մեկն էր։ Ամերիկյան կողմը արգելափակում էր այս գործարքը, և կողմերը միայն վերջին ամիսներին են սկսել խնդրի շուրջ տեխնիկական բանակցությունները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սալիվան․ «Թուրքիային F-16 օդանավերի տրամադրման գործընթացը կշարունակվի»

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Թուրքիայի և Շվեդիայի միջև երեկվա պայմանավորվածություններից մի քանի ժամ անց հայտարարեց, որ նախագահ Բայդենը կշարունակի Թուրքիային F-16 օդանավերի տրամադրման հարցով Կոնգրեսի ներկայացուցիչների հետ խորհրդակցությունները։

«Բայդենը շատ հստակորեն արտահայտվել էր օդանավերի՝ Թուրքիային փոխանցման օգտին», -հայտարարել է Սալիվանը՝ ընդգծելով, որ ԱՄՆ նախագահը «որևէ վերապահում այս հարցում չի հնչեցրել և ցանկանում է առաջընթացի հասնել»։

ՆԱՏՕ-ի անդամակցության ճանապարհին Շվեդիային Թուրքիայից բացի, նաև Հունգարիայի դժկամությանն էր բախվել։ Միայն Անկարայի հարուցած խոչընդոտը վերացվելուց հետո Բուդապեշտը հստակ հայտարարեց, որ կողմ է Շվեդիայի անդամակցությանը և առանց որևէ խնդրի կվավերացնի Ստոկհոլմի անդամակցության հայտը։ Հունգարական դիվանագիտության ղեկավար Պետեր Սիյարտոյի խոսքով՝ «վավերացման գործընթացի ավարտը զուտ տեխնիկական խնդիր է»։

«Հունգարական խորհրդարանը առանց որևէ խնդրի կվավերացնի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրությունը։ Մեր կառավարությունը կողմ է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը», - նշել է Պետեր Սիյարտոն։

Շվեդիան, ինչպես նաև հարևան Ֆինլանդիան որոշել են հրաժարվել երկարամյա չեզոքության կարգավիճակից և ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել անվտանգության հետ կապված աճող մտահոգությունների պատճառով, որոնք ի հայտ են եկել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման ֆոնին։ Ի տարբերություն Շվեդիայի՝ Ֆինլանդիայի անդամակցությունը նվազ դժվարություններով ուղեկցվեց, և ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը դարձավ անցած ապրիլին։

Այսպիսով, Ֆինլանդիայի անդամակցությամբ Ռուսաստանի սահմանի երկարությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ բազմապատկվեց երկու անգամ, իսկ ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու դեպքում Հյուսիսատլանտյան դաշինքը ութ անդամ - պետություն կունենա Բալթիկ ծովում`էլ ավելի մեկուսացնելով Ռուսաստանի ցամաքային կապը փոքր էքսկլավի Կալինինգրադի հետ։ Բացի այդ, Մոսկվան մտավախություն ունի և պնդում է, որ իր սկանդինավյան հարևաններն արդեն քննարկում են ՆԱՏՕ-ի ենթակառույցներն իրենց տարածքում տեղակայելու հարցը, ինչին պատասխան քայլերով են սպառնում։

«Հավատացնում եմ ձեզ, որ անվտանգության ոլորտում Ռուսաստանի Դաշնության բոլոր օրինական շահերը կապահովվեն։ Մենք գիտենք, թե ինչ քայլեր են դրանք, և ինչպես է հարկավոր դրանք կյանքի կոչել», - Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։