Լիտվայի մայրաքաղաքում մեկնարկեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Վիլնյուս են ժամանել դաշինքի անդամ 31 երկրների առաջնորդները։ Մինչ գագաթնաժովը արդեն տեղի են ունեցել մի շարք երկկողմ հանդիպումներ, արվել են հայտարարություններ։ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել Յենս Ստոլտենբերգին աշխատանքը շարունակելու համար։
«Իսկապես կարևոր եմ համարում, որ Ուկրաինայում այս ծայրահեղ պահին դուք շարունակեք ղեկավարել դաշինքը։ Ձեզ վստահում են, ձեզանից լավ ոչ ոք չգիտի՝ ինչ իրավիճակի ենք բախվում, և այս պատմական պահը Ֆինլանդիայի ու Շվեդիայի միանալը ՆԱՏՕ-ին մեծ նշանակություն ունի, և ձեր առաջնորդությունը իսկապես կարևոր է»,- ասել է Բայդենը Ստոլտենբերգին։
Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ևս հանդիպել է Էրդողանին։ Ակնկալվում է նաև Թուրքիայի նախագահի հանդիպումներ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։
ՆԱՏՕ-ի երկների առաջնորդները ժամանելով Վիլնյուս կարճ հայտարարություններ են արել։ Մակրոնը ասել է, որ Ֆրանսիան Ուկրաինային հեռահար հրթիռներ կտրամադրի։
«Դիտարկելով իրավիճակն ու Ուկրաինայի հակահարձակումը, ես որոշեցի մեծացնել զենքի և տեխնիկայի մատակարարումները և հեռահար հրթիռներ տրամադրել Ուկրաինային»,- ասել է Մակրոնը, նշելով, որ այսօր կարևոր է Ուկրաինայի աջակցության, ՆԱՏՕ-ի միասնության և վճռականության ազդանշաններ հղել, որ Ռուսաստանը չի հաղթի այս պատերազմը։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ընդգծել է, որ Գերմանիան Ուկրաինայի մեծ աջակցություն ցուցաբերղ երկրորդ երկիրն է ԱՄՆ-ից հետո և ապագայում կշարունակեն աջակցել։
Մինչ գագաթնաժողի մեկնարկը դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մամուլի ասուլիս է տվել՝ անդրադառնալով նաև Ուկրաինայի անդամակցության հարցին։
«Անդամակցության հարցում ակնկալում եմ, որ դաշնակիցները հստակ և դրական մեսիջ կհղեն Ուրաինային՝ անդամակցության ճանապարհի մասին։ Ես մի փաթեթ եմ առաջարկել երեք տարրերից բաղկացած՝ առավել գործնական աջակցություն երկարամյա ծրագով՝ ապահովելու լիակատար փոխգործակցություն Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի ուժերի միջև։ Սա Ուկրաինային կմոտեցնի ՆԱՏՕ-ին», - ասել է Յենս Ստոլտենբերգը, նշելով, որ դաշինքի որոշ անդամներ նաև երկկողմ ու բազմակողմ երկխոսության մեջ են Ուկրաինայի հետ՝ շարունակական աջակցություն ապահովելու համար։
Շվեդիայի հարցով նա ասել է, որ նախօրեին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Թուրքիան կվավերացնի Շվեդիայի անդամակցության արձանագրությունը, և Շվեդիան կդառնա դաշինքի լիիրավ անդամ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՆԱՏՕ-ի Վիլնյուսի գագաթնաժողովին մասնակցելու որոշում Զելենսկին «դեռ չի կայացրել» ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հեռախոսազրույց է կայացել ԱՄՆ պետքարտուղարի և Ուկրաինայի ԱԳ նախարարի միջևՍտոլտենբերգը անդրադարձել է նաև Ռուսաստանի միջուկային սպառնալիքներին, ասելով, թե Ռուսաստանի միջուկային հռետորաբանությունը վտանգավոր է և անխոհեմ։
«ՆԱՏՕ-ի դաշնակիցները, իհարկե, մոտիկից հետևում են, թե ինչ է անում Ռուսաստանը։ Մենք դատապարտում ենք Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու հայտարարությունը, մենք ուշադիր հետևում ենք՝ ինչ են անում նրանք։ Առայժմ մենք որևէ փոփոխություն չենք տեսել Ռուսաստանի միջուկային տեղակայման դիրքորոշման մեջ, որը մեր կողմից որևէ փոփոխություն կպահանջի, բայց մենք շարունակում ենք զգոն մնալ և իհարկե պատրաստ ենք պաշտպանել ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր դաշնակցին ցանկացած հնարավոր սպառնալիքից»,-Վիլնյուսում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը։
ԱՄՆ-ի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Վիլնյուսում լրագրողներին ասել է, որ երկօրյա գագաթնաժողովի ընթացքում Ջո Բայդենը հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ քննարկելու, թե «ինչպես է ԱՄՆ-ն դաշնակցիների հետ միասին պատրաստ ստանձնելու երկարաժամկետ պարտավորություն օգնելու Ուկրաինային ինքապաշտպանվել հիմա ու զսպել ապագա ագեսիան»։
Ակնկալվում է, որ Վլադիմիր Զելենսկին Վիլնյուս կժամանի հուլիսի 12-ին։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը ակնհայտ հակառուսական բնույթ ունի, ուշադիր հետևում են գագաթնաժողովին, խորը կվերլուծեն արևմտյան առաջնորդների հայտարարությունները, որպեսզի միջոցներ ձեռնարկեն «սեփական անվտանգությունը ապահովելու համար»։